Կիրանց
Կառավարությունում այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներին։ Գյուղացիները պահանջել էին, որ Փաշինյանը գնար մարզ ու իրենց պարզաբանումներ ներկայացներ այն տեղեկությունների մասին, որ փաստորեն խորհրդային Հայաստանի սահմաններից էլ է շեղում լինելու եւ ավելի շատ տարածքներ են հանձնվելու Տավուշից։ Բայց Փաշինյանը կիրանցիներին էր հրավիրել կառավարություն։
Հանդիպումից մարդիկ դուրս եկան զայրացած, իսկ կանանցից ոմանք հուզվել էին ու արտասվում էին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մանրամասներ հայտնեց լրագրողներին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն չի պահել վարչապետին հարիր, մարդկանց ասել է, որ սահմանը կարող է անգամ Կիրանց գյուղի մեջտեղով անցնել։ «Ասում էր՝ կարող է գիծը սենց անցնի, կարող է նենց անցնի, կարող է շատ վատ անցնի, կարող է մի քիչ լավ անցնի, մի խոսքով՝ վարչապետին ոչ հարիր պահվածք։ Այն ողջամիտ առաջարկները, խնդրանքը, որոնք հնչել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկն ընդունելի չի եղել։ Մարդիկ ասում են, որ գոնե վերջին տարբերակով թող այնպես լինի, որ սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարիներին, գոնե այդպես անցնի։ Բայց հիմա ասում է՝ կարող է այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ։
Մարդիկ շատ վատ վիճակում են, շոկի մեջ են։ Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մեկն ասում է՝ տանկ եմ բերելու տանս առաջ կանգնեցնեմ, մյուսն ասում է՝ չգիտեմ ինչ եմ անելու։ Ինչ անի մարդը, եթե իրեն եկել ու ասում են, որ սահմանը ոչ թե լինելու է այնպես, ոնց սովետական տարիներին է անցել, այլ հիմա էլ ասում է՝ պարզվում է, որ սովետական միության տարիներին չեն իմացել սահմանը ոնց է անցնում, հիմա նոր սահման են հորինում։ Ինչ-որ կետեր կան, հիմա ասում է՝ այդ պայմանական «ա» կետը հայտնվում է կամրջից 100 մետր դեպի գյուղ, խորքը՝ գետի ուղղությամբ։ Բայց սովետի ժամանակ նման սահման գոյություն չի ունեցել»,- ասաց Գեղամ Նազարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: