Ապրելու ձայնը հնչելու է միշտ. գրական երեկո Արցախի բարբառով

  • 17:21 01.05.2024

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ ևս մեկ ջերմ ու արևային միջոցառում։

Գրական երեկոն նվիրված էր Արցախի բարբառին, որի ընթացքում «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի սաները հանդես եկան արցախյան բարբառով գրված մի շարք երգերով։

Իրիքնակը տյուս ա եկալ,
Տանըս յերա լյուս ա եկալ,
Սoր մին կորե վեր վար անինքյ,
Գյիդա`սրտես հոյս ա եկալ:

Բանաստեղծ-երգահան Գուրգեն Գաբրիելյանի  «Ղարաբաղի հորովել» երգով մեկնարկեց միջոցառումը:

«Քանի որ անորոշ ու օրհասական օրեր են մեր Հայրենիքի համար, մենք մտածում էինք չանել վաղուց որոշված այս միջոցառումը, բայց հասկացանք, որ Արցախի բարբառի, Արցախի բանահյուսության, ավանդույթների պահպանումն ու սերունդներին փոխանցելն էլ է մեր այսօրվա մեծ պայքարի մի մասնիկը։ Տա Աստված, որ մի օր ունենանք այն Հայաստանը, որի համար պայքարում էին մեր հայրերը, որի համար պայքարում ենք այսօր»,- ասել է Hamazgayin Artsakh office-ի տնօրեն Հերմինե Ավագյանը։

Արցախի գրողներից ընթերցվեցին Գուրգեն Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի, Վազգեն Օվյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արիս Գրիգորյանի, ինչպես նաև` երիտասարդ գրող Վաչիկ Դադայանի ստեղծագործություններից։

Երեկոն վարում էր Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։

Արցախի բարբառը, որպես մեր ոսկեղենիկ մայրենիի մի ճյուղ, ունի իր առանձնահատկությունները, որին անդրադարձավ երիտասարդ բարբառագետ Ռենա Մովսիսյանը։

Հանդես եկան  «Դիզակ Արտ» կենտրոնի հիմնադիր Երազիկ Ավանեսյանը, գրականագետ Նոնա Դավթյանը, հրապարակախոս, թարգմանիչ Միքայել Հաջյանը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանը։

Ընթերցվեցին նշխարներ Արցախի բանահյուսությունից, որի շուրջ կազմակերպվեցին հետաքրքրաշարժ հարցուպատասխաններ ։

Ներկաները անդրադարձան Արցախի սովորույթներին, օրհնանքներին, տարածված շրջասույթներին, կիսվեցին իրենց տպավորություններով։

Երեկոյի հատուկ հյուրն էր շնորհալի երգիչ Արթուր Խաչենցը, որի Արցախի բարբառով գրված երգերը անհույզ չթողեցին ոչ մեկին։

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն խոստացավ, որ «Ապրելու ձայնը» նախագիծը շարունակական է լինելու` Համազգայինի շուրջը համախմբելով Արցախի գրողներին ու արվեստագետներին։

Hamazgayin Artsakh office

Hamazkayin Central

ԴԻԶԱԿ ԱՐՏ. Արցախի բարբառի երեկո

Dizak Art

Լուսանկարները` Գագիկ Հարությունյան / Gagik Harutyunyan

 

f