Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում չպատասխանեց հարցին, թե արդյոք դատախազությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է Հայաստան ներխուժման փաստերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ գործեր հարուցելու ուղղությամբ։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց․ «Ադրբեջանի ռազմական ագրեսիաներից հետո մենք պարբերաբար լսում ենք դատախազության հաղորդումները, որ հարուցվել է քրեական գործ Հայաստան ներխուժելու դեպքով։ Բայց հետո չենք իմանում՝ այդ քրեական գործերն ի՞նչ ընթացք են ունենում, նույնիսկ գրավոր հարցումներին չենք ստացել պատասխան։ Ի՞նչ են տեղի ունենում այդ գործերով, ովքե՞ր են ներգրավվում որպես մեղադրյալներ, ո՞ւմ նկատմամբ է հայտարարվում հետախուզում, արդյոք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որեւէ կերպ ներգրավվա՞ծ է այդ գործերում»։
Թագուհի Թովմասյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պարբերաբար հայտարարում է հայ բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքացիների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, բանտերում պահում է հայ գերիների։ Այնինչ, հայկական կողմը որեւէ հասցեական տեղեկատվություն չի տրամադրում հանրությանը։
Աննա Վարդապետյանն ասաց․ «Այս ձեւաչափով ձեզ չեմ կարող պատասխանել երկու պատճառով՝ եթե մենք սկսենք բացահայտ այստեղ ասել, թե ինչ ենք անում, շատ պրոցեսներ ուղղակի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում այլեւս չենք կարող իրականացնել»:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: