DW
Իսրայելը, Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության նախապատրաստման ֆոնին, սկսել է բնակչության տարհանումն այս քաղաքից։ Իսրայելի զինվորականները երկուշաբթի օրը՝ մայիսի 6-ին, Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի արևելյան շրջանի բնակիչներին կոչ են արել տեղափոխվել «ընդլայնված մարդասիրական տարածք», որը գտնվում է մի քանի կիլոմետր դեպի հյուսիս, Ալ-Մավազի ճամբարը Միջերկրական ծովի ափին։
Իսրայելական բանակը հայտնել է, որ Ռաֆահի բնակիչներին իրազեկում է տարհանման մասին պաստառների, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և արաբերեն լրատվամիջոցների հաղորդագրությունների միջոցով: «Այսօր առավոտյան մենք գործողություն ենք սկսել արևելյան Ռաֆահի բնակիչներին ժամանակավորապես տարհանելու համար»,- առցանց մամուլի ասուլիսում ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը՝ հավելելով, որ տարհանումն ընդգրկում է մոտ 100,000 մարդ։
Կահիրեում Իսրայելի և իսլամիստական արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունները՝ հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ, ավարտվել են անհաջողությամբ։ Ռաֆահում մոտ 1,2 միլիոն պաղեստինցիներ ապաստան են գտել, փրկվելով իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերից։ Իսրայելի կառավարությունը Ռաֆահը համարում է Պաղեստինի տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը և մտադիր է ջախջախել մնացած զինյալ խմբավորումներին։ Ենթադրվում է, որ իսրայելցի պատանդներ կան նաև Ռաֆահում:
Դաշնակիցները ամիսներ շարունակ զգուշացնում են Իսրայելին Ռաֆահում ռազմական գործողությունների մասին՝ վախենալով բազմաթիվ քաղաքացիական զոհերից, սակայն Իսրայելը հարձակումը կարևոր է համարում ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները տապալելու համար՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում խմբավորումը միայն կուժեղանա պատերազմից հետո:
Նախօրեին ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծել էին Իսրայելի սահմանային Քերեմ Շալոմ անցակետը, ինչի հետևանքով զոհվել էին երեք իսրայելցի զինվորներ: Քերեմ Շալոմը Իսրայելից Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման ամենակարեւոր սահմանակետն է։ Հարձակումից հետո Իսրայելը փակել է այն մարդասիրական տրանսպորտի համար և պատասխան հարվածներ է հասցրել Ռաֆահի մերձակայքում գտնվող բնակավայրին, որտեղից, ենթադրաբար, հրթիռներն արձակվել են։ Հաղորդվում է, որ ինը պաղեստինցի է զոհվել:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: