«Ես ասել եմ՝ դեռ անցյալ տարվա վերջից խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար, քաղաքական կամք էր պետք Ադրբեջանի կողմից։ Եվ հույս ունենք՝ այս գործընթացը, որը տեղի էր ունենում, եւս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է եւ հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետեւ հայկական կողմն այդ ուղղությամբ գնալու է եւ մշտապես աշխատանքներ է իրականացնելու»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ալիեւը հայտարարել էր, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագիծը մշակվել է Ադրբեջանի պահանջների հիման վրա։ Անդրադառնալով այդ հարցին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որոնք նաեւ մեր մոտեցումներն են։ Եվ բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է, եւ դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում ու գալիս է։ Բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետեւ իրենք իրենց առաջարկն են ուղարկում, մենք ասում ենք՝ չէ, սրանք էլ մեր առաջարկներ են։ Դրա համար պրոցեսն այսպես երկարում է»։
Ալեն Սիմոնյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ տարաձայնություն չկա․ «Հերթով կետերով գնում ենք, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում։ Կարեւոր է, որ երկակի մեկնաբանություններն չլինեն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթի հետ կապված որոշ երկրներ ու քաղաքական գործիչներ փորձեցին երկակի մեկնաբանություն անել։ Եվ դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձեւակերպումները երկու կողմից համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձեւակերպում»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: