Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզի գյուղերի հանձնման հարցին անդրադառնալով, ներկայացրեց, թե իբր դա միջազգային հանրության պահանջն է եղել։
Հարցին, թե ինչո՞ւ են այսպես կոչված սահմանազատումը սկսում հենց Տավուշի մարզի այն հատվածից, որտեղ հայկական կողմն ունի ամենակահավորված ու բարենպաստ դիրքերը, Փաշինյանը պատասխանեց. որովհետեւ «անվտանգության երաշխիք է ստեղծվում», նաեւ հավելեց՝ որովհետեւ դրանք «ադրբեջանական բնակավայրեր են»։
Այնուհետեւ նա հավելեց․ «2021- 2022 թվականների էսկալացիները միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել։ Եվ ցավով պետք է արձանագրեմ, որ միջազգային հարթակներում դրանք շատ դեպքերում բացատրվել են 4 ադրբեջանական գյուղերի գործոնով։ Մեզ համար զարմանալիորեն ու ցավալիորեն այդ իրավիճակում, որ մենք պետք է լինեինք հայցվորի դերում, մենք եղել ենք պատասխանողի դերում, որովհետեւ հարց է հնչել՝ փոխադարձաբար ճանաչո՞ւմ եք տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչն է պրոբլեմը, որ այդ գյուղերի խնդիրը չեք լուծում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե իբր միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը։ Այդ քաղաքականությանը հաջորդեց Արցախի ամբողջական հանձնումը։