Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի արցախցիների բնակապահովման ծրագիրը

  • 13:54 07.05.2024

Կառավարության առաջիկա նիստում Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանով ապահովելու ծրագիրը կհաստատվի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ ստացել ենք բավական լավ ծրագիր, ինքը շատ ընդարձակ ծրագիր է։ Մենք որոշել ենք, որ երեք ուղղությամբ պետք է աջակցենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։ Առաջինը՝ տներ կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու եւ երրորդ կարեւոր նյուանսը՝ մենք նաեւ կարեւոր որոշում ենք կայացրել, որ այն մարդիկ, որոնք ունեն գործող հիպոթեքային վարկ, մենք այդ նույն տրամաբանությամբ ու չափաբաժիններով աջակցություն կցուցաբերենք նաեւ նրանց։ Կան նաեւ ընտանիքներ, տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա այս ծրագրերին մասնակցել։ Այս ուղղության համար սոցիալական բնակապահովման ծրագիր ենք իրականացնում»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Մեր բազային գումարը, որը պետք է հատկացնենք, 3 մլն դրամն է, բայց որը գործակիցներով ավելանալու է մինչեւ 5 մլն դրամ։ Տարբեր բնակավայրերի, գոտիականության հանգամանքով պայմանավորված՝ արդեն այդ գումարը մեկ անձի հաշվով կավելանա։ Այսինքն՝ 6 հոգանոց ընտանիքը հնարավորություն կունենա ստանալ 30 մլն դրամի աջակցություն։ Դա մի գումար է, որով կարելի է բնակարան կառուցել կամ ձեռք բերել»։

Զոհված զինծառայողների ընտանիքները կլինեն շահառուների առաջնային խմբում։ Առաջնային շահառու են համարվելու նաեւ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։

f