Գյումրիից երթը շարժվում է դեպի Երեւան․ չի կարող շանտաժով սահմանազատում լինել

  • 11:47 08.05.2024

Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ երթով շարժվում են դեպի Երեւան, որտեղ մայիսի 9-ին տեղի է ունենալու հանրահավաք:

Այո՛, այս շարժումն ուղղորդված է, իհարկե ուղղորդված է Աստծո կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս շարժումն ուղղորդված է:

Սրբազանը նկատեց, որ իրենք դեմ չեն ապրիորի սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել պատերազմի շանտաժի միջոցով. «Ընդհանրապես, ոչ թե պետք է լինի սահմանազատում, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է սկսվի սահմանազատումը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալիքով գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սահմանազատում չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, շանտաժի միջոցով: Սա  այնքան տրամաբանական բան է, բայց երկրի ղեկավարը սա չի հասկանում, կամ իրեն հայտնի կենդանու տեղն է դրել»:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը վախեցած է այս շարժումից: Սրբազանը համաձայն չէ տեսակետին, որ հոգեւորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ. «Ես միշտ էլ դա չեմ կիսել, ես միշտ էլ ակտիվ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ: Քաղաքական  կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն լինել պետական կառավարման մեջ: Մենք չունենք նման ցանկություն, նման ամբիցիա: Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, որոնք վտանգում են մեր պետականությունը եւ անվտանգությանը»,- հայտարարեց Միքայել Սրբազանը:

 

f