Ութ ամիս է՝ Նունե Հովսեփյանը ժամկետային զինծառայող որդուց ոչ մի լուր չունի։ Հայկը Վանք գյուղի վերևի դիրքում էր Արցախի մեծ տեղահանմանը նախորդած մարտական գործողությունների ժամանակ։ Նրա ծառայակցին ադրբեջանցիները գերեվարել ու վերադարձրել էին նախորդ տարեվերջին, Հայկի անունը ո՛չ զոհերի ցանկում է, ո՛չ ողջերի։
«Եվրադատարան դիմել ենք, մերժում ենք ստացել, Կարմիր խաչին… հանձնել ենք ԴՆԹ-ի անալիզներ, նույնականացում չի համապատասխանել», – ասում է զինծառայողի մայրը։
Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ից 20-ի մարտական գործողությունից հետո 15 հոգի է անհետ կորած՝ Քննչական կոմիտեի տվյալով։ Արցախի օմբուդսմենը 14 անհետ կորածների մասին է խոսում՝ 3-ը խաղաղ բնակիչներ են, 11-՝ը զինվորականներ, աշխարհազորայիններ։
Աշխարհազորային Արշակ Միրզաբեկյանն էլ սեպտեմբերի 19-ից չկա։ Հայրը նրա զինակիցներից միայն այն է լսել, որ որդին վիրավորում է ստացել. – «Իմ պատկերացումը սենց ա, որ իր ընկերները՝ 10 հոգի, իրեն թողել, փախել են։ Կարող է պատահած լինի թուրքը, վեկալած, տարած, կամ արյունահոսած լինի, մահացած»։
Արշակի ծնողները, կինը, երկու փոքրիկներն անորոշության ութերորդ ամիսն են լրացնում։ Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ որոնողական աշխատանքները վերսկսելու անհրաժեշտության կա, Ադրբեջանի հետ բանակցության փորձը արդյունք չի տալիս։
44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ անհայտ է 195 հոգու ճակատագիր։ 2022 թվականի մարտական գործողությունների հետևանքով անհայտ է երկու զինծառայողների գտնվելու վայրը։
Հարյուրավոր ընտանիքներ են անորոշության ու անհուսության դժոխքում։
Բաքուն այս անգամ Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղար Ախունդովի դեմքով է հայտարարում, թե իրենք ուզում են համագործակցել երկու կողմերում անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար. Հայաստանը պատրաստակամ չէ։
«Բազմիցս եղել է հայկական կողմից, այդ թվում նաև արցախյան կողմից պատրաստակամություն՝ փոխանակելու տվյալներ, այն ինչի մասին մենք ենք տեղյակ և ստանալու այն, ինչ որ իրենք են տեղյակ, բայց ազնիվ շահագրգռվածություն երբեք ադրբեջանական կողմից այդպես էլ չի եղել», – ասում է Գեղամ Ստեփանյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը երկու մշտական քարոզչական թեմաներ ունի՝ ականապատ տարածքներ ու անհետ կորածներ. – «Իրենք դա օգտագործում են այս կամ այն հարթակներում Հայաստանին մեղադրելու համար, երբ որ պետք է այնպիսի ելույթներ ունենան, որ Հայաստանին պետք է թիրախավորեն կամ սևացնեն, միանշանակ այդ թեման օգտագործվում է»։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ նաև Գերիների և անհետ կորածների հայաստանյան հանձնաժողովի անդամ է, պնդում է, ադրբեջանական կողմը միտումնավոր չի վերադարձնում մարմիններ, որոնց տեղը հստակ կոորդինատներով հայկական կողմը փոխանցել է նրանց։ Այդպես արդեն երկու տարի է՝ միջդիրքային հատվածում են մնացել երկու հայ զինվորների մարմիններ, ու սա միակ դեպքը չէ։
«Շատ հստակ անհերքելի ապացույցներ կան, որ Հադրութի հրապարակում գնդակահարվածների դին մինչև օրս գտնվում է Ադրբեջանում, և նրանք չեն վերադարձնում մարմինները», – ասաց իրավապաշտպանը։
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Ադրբեջանը հայ գերիներին իր բանտերում պահում է քաղաքական դիվանագիտական սակարկության համար, իսկ անհետ կորածների հարցում նրանց շարժառիթը պարզապես ընտանիքների տառապանքը խորացնելն է։
«Այս գործողությունների հետևում տեսնում եմ ցավ պատճառելու միտումը, այլ ոչ թե քաղաքական առևտրի առարկա դարձնելը», – նշեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: