Շատ կարեւոր ուժ, որի անունն իրավասություն չունեմ հայտնելու, մեզ կաջակցի․ Բագրատ սրբազան

  • 19:26 15.05.2024

Այսօր նախատեսված էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պետք է հանրահավաք աներ Ազատության հրապարակում այն ժամին, երբ Նիկոլ Փաշինյանը ժամանելու էր շենք։ Սակայն ոստիկանները նախօրոք փակել են Ազատության հարապարկ տանող բոլոր ճանապարհները՝ թույլ չտալով, որպեսզի շարժման մասնակիցները հասնեն այնտեղ։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներից ոմանց բերման են ենթարկել։

«Մի երկրում, որի ղեկավարը այս տեսակ պետք է գնա ու գա միջոցառումնեի ու գործի, լավ է, որ չգնա։ Սա ամոթ է, մարդ չի հասնի այս աստիճանի։ Այս պատնեշները վախկոտների ու ստախոսների համար է»,- հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Կան տեղեկություններ, որ տարածքում նաեւ դիպուկահարներ են տեղակայվել։ «Ուրիշ ի՞նչ գործիք ունեն՝ կամ մարդկանց պետք է պախարակեն, արատավորեն, կամ դիպուկահար ու զորք հանեն»,- ասաց Բագրատ սրբազանը։

«Այս պահին մենք միասին արձանագրեցինք որպես մեր փոքրիկ ուղերձը, որ ՀՀ-ն դժբախտաբար կառավարություն ու ղեկավար չունի։ Այսպես ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը դա հենց դրա մասին է։ Եվ նրա մասին է, որ այս ամբողջ շարժումն իր կարեւորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա՝ դրանք լինեն երկրի ներսում, թե ընդհանրապես արտաքին հարաբերությունների մեջ։ Մեզ վախեցրել են՝ ասելով, որ դուք ոչ մի բանի ընդունակ չեք, ոչինչ չեք կարող անել, անզոր, անկամք, վախկոտ ու անինքնասեր մարդիկ եք։ Սա են ներմուծել մեր կյանք, բայց դուք այս օրերին հակառակն եք փաստում, ժողովուրդ ջան, որ դուք մերժում եք այդ ամենը, մերժում եք անզոր լինեու այդ թույնը։ Եվ փաստում եք՝ ասելով, որ քանի մեր չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, ինքն անընդհատ պետք է լսի, որ սուտ է խոսել, խաբել է, մոլորեցրել է եւ այդ խաբեությամբ է եկել իշխայնության»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Լրագրողների հետ զրույցում նա նաեւ նշեց, որ այս օրերին հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ «Առաջիկայում ամբողջ քաղաքական դաշտը կհավաքվի, եւ քաղաքական որոշումներ կկայացվեն։ Տվյալներ ունենք, որ քաղաքական դաշտի ծանրակշիռ մասը մեզ աջակցում է: Եվ մի շատ կարեւոր ուժ նույնպես, որի անունն այս պահին իրավասություն չունեմ հայտնելու, երեւի իրենք կասեն շուտով»,- նշեց Բագրատ սրբազանը։

f