Կիրանց գյուղի բնակիչները զայրացած են այն լուրից, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացի վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել։ Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղամեջում՝ իրենց դժգոհությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկ ծնողները ակցիա են արել՝ խմբով գնալով դպրոց եւ հայտարարելով, որ իրենց երեխաներին հանում են դպրոցից, որպեսզի գյուից տեղափոխեն ու ապահովեն նրանց անվտանգությունը։
Այնուհետեւ գյուղացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի եւ Տավուշի մարզպետի հետ։
«ժամանակ ձգեցին ու իրենց սեւ գործն արեցին, այն էլ լրիվ թաքուն։ Ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի եղել, երեկ մեր փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախի արանքում թաքուն ստորագրեց, իրիկունն էլ վարչապետ կոչեցյալը ստորագրեց ու հողերը լրիվ տվեց։ Իրենց փոխհատուցումը մեզ պետք չէ, մենք այստեղ մեր ապրելն ենք ուզում, մենք ունենք մեր տունը, մեր հողը, մեր սրբությունը։ Էդ փոխհատուցումը, որ տալու եք ժողովրդին, գնացեք ռեստորաններում կարող է մի երկու բան պակասել է, էդ էլ կերեք։ Ոչ մի սահմանազատում էլ չկա, սահմանազատումը լինում է երկկողմանի, սկզբում խաղաղություն են կնքում, հետո երկկողմանի սահմանազատում անում»,- ասաց գյուղացիներից մեկը։
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը եւս միացավ գյուղացիներին։ «Ես սաղիդ հետ կանգնած եմ, ես ուզում եմ իմ հրաժարականը տամ, ինչ եք ուզում, ասեք, տա՞մ այդ հրաժարականը»,- ասաց գյուղապետը։ Գյուղացիները հայտարարեցին, որ գյուղապետի հրաժարականը չպետք է լինի։
Կամո Շահինյանը նաեւ ասաց, որ կառավարությունից առաջարկում են հանդիպել կիրանցիների հետ․ «Կառավարությունից մարդ է գալիս Իջեւան, ասում է՝ քո ակտիվներից քանի հոգի ուզում են, թող գան հանդիպման»։ Գյուղացիներն ասացին, որ չեն գնալու հանդիպման, թող կառավարության անդամները գան Կիրանց։
Գյուղացիներն ասում են, որ եթե հղում են անում 1976 թվականի քարտեզներին, ըստ այդ քարտեզների՝ գյուղի կամուրջը Հայաստանի վերահսկողության տակ պետք է մնա, այնինչ, «հիմա հայտարարում է, որ մոստը տվել է Ադրբեջանին»։
«Սոցցանցերում տարածել են, որ իբր 25 հա հողատարածքը վերադարձրել են կիրանցեցիներին։ Այդ 25 հեկտար հողատարածքը պատկանում է մեզ, ականապատ հողատարածք է, որը մեր հսկողության տակ է, այդ ո՞նց վերադարձրին մեզ»,- ասաց գյուղացիներից մեկը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: