Գնել Սանոսյանը չպատասխանեց հարցին՝ պատրա՞ստ է տեղափոխվել ու այս պայմաններում ապրել Կիրանցում

  • 15:47 18.05.2024

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են բողոքել այսպես կոչված սահմանազատման գործընթացի դեմ։ Այսօր Կիրանց է այցելել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ով մարդկանց համոզում էր, որ կառավարությունը փորձում է կառավարել ռիսկերը։ Կիրանցիները չեն ուզում լսել կառավարության անդամների խոստումները։ «Եթե թուրքը գա ըստեղ կանգնի, ես ընդեղ ո՞նց եմ ապրելու։ Ով համաձայն է, թող գա մեր տանն ապրի»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը՝ մատնացույցն անելով գյուղի ճանապարհը, որն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը։

Գնել Սանոսյանը չպատասխանեց լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է տեղափոխվել ու այս պայմաններում ապրել Կիրանցում։ «Իրենք լրիվ ապահովված են, գալիս են ըստեղ, ի՞նչ անեն։ Հողերը տան, էլ մեր մասին ոչ մեկ չի հիշելու, երկու օր հետո ըստեղ էլ ոչ մեկ չի գա, լրիվ կգնան իրենց կայֆերով, կմնանք մենք ու թուրքերը։ Իրենք թուրքերի հրամանն են կատարում»,- արձագանքեց մեկ այլ բնակիչ։

«Մարզպետն ասաց՝ դրական հոտ է գալիս, բայց այստեղ դրական հոտ չի գալիս, անշնորհք հոտ է գալիս»,- նշեց գյուղացի կանացից մեկը։

Գնել Սանոսյանը երկար չմնաց գյուղում, հեռացավ՝ մինչեւ վերջ չլսելով գյուղացիների բողոքը։ Սանոսյանը հայտարարեց․ «Առաջիկա օրերին ուզում ենք սկսել կառուցել նոր ճանապարհ»։

 

f