Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ բրիտանական լեռնահանքային հսկա «Anglo Asian Mining» ընկերությունը ակնկալում է Ադրբեջանի կառավարության թույլտվությունը՝ Լեռնային Ղարաբաղում հանքարդյունաբերություն սկսելու համար։
Երկու ամիս առաջ բրիտանական Guardian-ը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ պաշտոնյաները, կարծես, կոչ էին անում բրիտանական բիզնեսին օգնել վերականգնել Ադրբեջանի վիճելի տարածքները:
«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և բիզնես դեպարտամենտի պաշտոնյաները նոյեմբերին առցանց հանդիպում են անցկացրել բրիտանական բիզնես առաջնորդների հետ՝ խրախուսելու ընկերություններին օգտվել «մեծ հնարավորությունից»՝ աջակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերակառուցման օրակարգին», – կարդում ենք հոդվածում:
«Ո՞ր դարում են ապրում այս պաշտոնյաները։ Դա մեծ հնարավորություն չէ Մեծ Բրիտանիայի, ոչ էլ տեղահանված մարդկանց համար: Մեծ Բրիտանիայի կառավարությունը փակ դռների հետևում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները «մեծ հնարավորություն» է անվանում», – քննադատել է Global Witness ընկերության ավագ անդամ Ջոնաթան Նորոնա-Գանտը (Jonathan Noronha-Gant):
Կարելի է ենթադրել, որ բրիտանական «ներդրումներն» էլ նույնը կլինեն, ինչ Բեյզ Մեթլզի դեպքում: Ստած կլինենք, եթե ասենք, որ Բեյզ Մեթլզը նորվեգական խնամքով է Կաշենի, Դրմբոնի հանքերը շահագործել, ստած կլինենք, եթե ասենք, որ ընկերությունը «նորվեգական» չափերով է հարկվել իր գործունեության տարիներին:
Իմ մանկությունը Թարթառի ափին է անցել, որտեղ լողանում եւ ձուկ էինք որսում: Իսկ պրոֆեսիոնալ ձկնորսները, ովքեր Սարսանգի ափին էին անցկացնում գիշերը, պատմում էին, թե ինչպես են ձկները վեր թռչում եւ փայլում լուսնի տակ:
Հանքերի շահագործումից հետո էկոլոգիան լրիվ փոխվել էր այնտեղ: Գրեթե վերացել գյուղատնտեսությունը: Հանքը հիմնական աշխատատեղն էր դարձել այդ ձորակի մարդկանց համար: Ի՞նչ անասնապահություն, ի՞նչ բահ ու բոստան, մենք էլ ենք ուզում քաղաքավարի ապրել, մենք էլ ենք Opel ու smart հեռուստացույց ուզում, մենք էլ ենք ուզում խանութից հաց առնել, այլ ոչ թե այրվել թոնիրում, ինչո՞վ ենք պակաս մյուսներից, ասում էին գյուղացիները, բայց միաժամանակ բողոքում, որ ջրամբարում ձուկ չկա այլեւս, որ հիվանդությունների դեպքերը շատացել են (պատկերն ավելի էր վատթարացել հատկապես բլոկադայի օրերին, երբ հոսանք ունենալու միակ աղբյուրը Սարսանգի ջրերն էին, որի գերշահագործումից դատարկվում էր ջրամբարը): Ընկերության պաշտպաններն էլ ասում էին, թե թողնենք ադրբեջանցինե՞րը օգտագործեն… Ասում, որ հիմնականում պղինձ է եւ ոսկի այնքան էլ չկա: Բայց ո՞վ է ստուգողը:
Սարսանգը վերջին օրերին
Ինչեւէ, հայտնի էր միայն, որ Բեյզ Մեթլզը առաջին հարկատուն էր, որ Ստեփանակերտի կենտրոնում Վալեքս Գարդեն հոթել է կառուցել, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել եւ որ բարեգործական ծրագրեր է իրականացնում: Սա ոչ ոք ժխտել չի կարող:
Մենք միայն տեսնում էինք, որ քողարկված, կնքված բեռնատարները հանքերից հումք են տանում «անհայտ ուղղությամբ»` հետեւից հսկա փոշու ամպեր եւ համայն հայության միջոցներով կառուցված Հյուսիս-հարավ քանդված մայրուղի թողնելով:
Ի տարբերություն Հայաստանի (շատ հեռու չգնանք), Ղարաբաղում բնապահպանական ակտիվիստներ, շարժումներ չեն եղել (հիշում եք Թեղուտի շուրջ ի՞նչ հսկայական շարժում կար Հայաստանում):
Մեր «էկոակտիվիստներն» էլ տաքսիստներն էին. «հանքի բեռնատարները լրիվ ավիրել են էս ճանապարհը», – բողոքում էին նրանք:
Այսպես, 2022թ. դեկտեմբերի 28-ին Արցախի կառավարությունը հայտարարեց, որ «Բեյզ Մեթըլս» դադարեցնելու է գերծունեությունը, պատճառաբաներով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրով:
«Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը»:
Սակայն փորձաքննության ոչ սկիզբ, ոչ ավարտ եղավ, այլ եղավ այն, որ բլոկադայի օրերին ընկերության բեռնատարները հաջորդիվ կայանել էին հունա-հռոմեական ճարտարապետությամբ կառուցված Վալեքս հոթելի դիմաց Ստեփանակերտում, իսկ վարորդները, ովքեր Հայաստանից էին, առավոտները հավաքվում էին, քննարկում, թե երբ է իրենց հերթը հասնելու Լաչինի միջանցքը հատելու համար:
Հիմա փոշի բարձրացնելու եւ պոչամբարներ կառուցելու հերթը Ղարաբաղը «կանաչ գոտի» հայտարարծ Ադրբեջանին է: Նավթը, ոսկին գայթակղիչ բաներ են:
Ի՞նչ օտարերկրյա ներդրումներ կլինեն Ղարաբաղում, դեռ պարզ չէ: Առայժմ հայտնի է միայն Լուկաշենկոյի մեկ պարկ կառտոֆիլի մասին:
Մնում է միայն հաշվարկել, թե ինչքա՞ն ոսկի է անկախության տարիներին տարհանվել Արցախից, որտեղ, ինչպես հայտնի է, պետությունն է ընդերքի տերը եղել։ Հաշվարկել, թե ինչքա՞ն ապահով կարող էր ապրել արցախցին, եթե պետությունը ոսկու արդյունահանման մասնաբաժինների գոնե 30 տոկոսի տերը լիներ։ Բայց այդպես էլ տեր չդարձանք։
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: