«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է»,- ԱԺ նիստում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքները հանձնելու հարցին։
«Պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակցիներին, իրենք սխալվել են, եւ բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։ Այս իշխանություններն էլ «սխալվել» են՝ կադաստրի քարտեզները գծելով։ Լավ, բա սխալվեիք, մի 100 մետր էլ Ադրբեջանից ավելի վերցնեիք, թե՞ վախենում եք։ Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեցիք, թե՞ վախենում էիք։ Դե վեր կացեք ու ասեք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա, կամ էլ ընդունեք, որ մանր գողություն եք անում։
Ասում էին՝ սահմանազատումը պետք է լինի Գենշտաբի 1974-1979 թվի քարտեզներով, բայց երեկ պարզվեց, որ 1969 թվի մասին են խոսում։ Իսկ ինչո՞ւ 1969 թվականի Գերագույն խորհրդի նախագահությունների որոշումներ, այլ ոչ թե 1988 թվականի միջպետական արձանագրան հիման վրա, որովհետեւ 1988 թվին էլի ի շահ Հայաստանի էր, Հայաստանը կարողացավ հետ բերել Ադրբեջանի կողմից գողացված տարածքներ, բայց դուք էլի վախենում եք դա ընդունել։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն՝ սեփական ժողովրդից վախենաք»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: