«Ես արցախցիների կյանքում փոփոխություններ չեմ ակնկալում և դեմ եմ շրջադարձի երազանքային պատկերացումներին. մեզ համար կարևոր է կենդանի պահել Արցախ վերադառնալու գաղափարը։ Մենք ոչ մեկի հրաժարական չենք պահանջում, մենք կողմ ենք համերաշխության»։
Այս մասին այսօր Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ եւ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։ Մի քանի տողի մեջ խտացված է գաղափարախոսության ամբողջ դեգրադացիան, որը Արցախը եւ հիմա ամբողջ Հայաստանը հասցրեց լուծարման եզրին։
Արցախի Շարժումը՝ իրավունքի իրացման շարժում էր, եւ այն ղեկավարում էին մտքի կատարյալ ազատության տեր մարդիկ, որոնք երազել եւ երազանքները կատարել գիտեին։ Հողի, ժառանգության, իր հազարամյա երկրում ապրելու բնիկ ժողովրդի իրավունքը երազանք չէ եւ չի կարող կասեցվել։ Այդ իրավունքը ճանաչվում է բոլորի կողմից, նույիսկ զավթիչների, որոնք չեն թաքցնում, որ զավթել են այն, ինչ ուրիշին է պատկանում։ Զավթել են, քանի որ տերերը երազելու եւ իրավունքների համար պայքարելու ունակությունը կորցրել են։
Տարիների ընթացքում Արցախի ղեկի մոտ հայտվեցին մարդիկ, որոնք նույիսկ երազել չէին կարող, իրավունքների անսահմանության ընկալման եւ մտքի ազատության մասին էլ չասենք։ Ի՞նչ է նշանակում՝ “դեմ եմ շրջադարձի երազանքային պատկերացումներին, մեզ համար կարևոր է կենդանի պահել Արցախ վերադառնալու գաղափարը”։ Ինչպես 106 տարի վա՞ռ եք պահում Արեւմտյան Հայաստան վերադառնալու գաղափարը։ Դա՞ եք համարում Արցախի չեղած “լիդերների” առաքելությունը։ Նման “առաքելություն” կարելի է առանց ձեզ էլ իրականացնել։