Սերժ Սարգսյանին արդարացրել են, բայց դատախազությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը

  • 19:18 31.05.2024

Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ես տենց շատ-շատ նյութական միջոցներ չունեմ, եղածը բոլորին հայտնի է, այդ թվում լրատվամիջոցներից մեկը հրապարակել է ապօրինի հարստացման ընթացակարգով ինչ են տեսել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

«Իմ բոլոր հաշիվները, ինչ որ ունեմ, վաղուց արգելանքի տակ են, բացի իմ թոշակի 70 տոկոսից»,-ասաց նա:

Դատարանի որոշմամբ վերացվել են Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։

 

f