Փոքրիկներն աշխարհից միայն խաղաղություն ու անհոգ մանկություն են ուզում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում է կազմակերպվել նաև Լոռու մարզի Տաշիր համայնքի Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցում։ Այն կազմակերպել է Արցախից տեղահանված Ալեսյա Քարամյանը, ով արդեն մեկ ամիս է, ինչ դպրոցում աշխատում է որպես ԴԱ կազմակերպիչ։
Երեխաներին շնորհավորելու համար դպրոց են այցելել Լոռու փոխմարզպետը, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, Յունիսեֆ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Աշակերտները աղ ու հացով են դիմավորել պատվարժան հյուրերին, ապա ներկայացել գեղեցիկ հանդեսով։ Փոքրիկներն աշխարհից միայն խաղաղություն ու անհոգ մանկություն են ուզում և աղոթք հղում առ Աստված, որ այլևս պատերազմ չլինի։
Մանուկներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն Կորյուն Սահակյանը և հյուրերը՝ մաղթելով անամպ երկինք ու պարտավորվելով անել հնարավորը, որ երեխաներն իրենց ապահով ու պաշտպանված զգան։
Միջոցառումը համեմված էր տոնական բարձր տրամադրությամբ, երեխաներն ուրախ ու երջանիկ էին, առանձնապես, երբ վերջում նրանց համար կազմակերպվեց քաղցր հյուրասիրություն։
Հյուրերին ևս հաճելի անակնկալ էր սպասվում․ արցախյան ժենգյալով հացն ու փախլավան, որ հյուրասիրեց Ալեսյա Քարամյանը, արցախյան յուրահատուկ շունչ ավելացրեց օրվա խորհրդին։ Իմանալով նաև, որ հունիսի 1-ին Ալեսյայի ծննդյան տարեդարձն է, ուսուցչական կոլեկտիվը և հյուրերը շնորհավորեցին նրան, մաղթեցին հաջողություններ, երազանքների իրականացում՝ հիանալով արցախցու նրա ուրույն տեսակով։ Դե իսկ Ալեսյայի երազանքը մեկն է՝ վերադարձ հայրենիք․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: