Վ՛այ, չստացվեց․ դարդներս քիչ էր, հիմա էլ Սերժ Սարգսյանին են արդարացրել

  • 23:01 03.06.2024

Հայաստանի իշխանությունները զարմանահրաշ ու աներեւակայելի վերափոխումների են ենթարկվում ժամանակի հետ։ Նրանք մի բան ասում են, անում հակառակը, հետո անմեղ երեխայի պես ասում՝ վա՛յ, չստացվեց։

Ոզում էինք Արցախը Հայաստան լինի՝ չստացվեց։ Ուզում էինք նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, վա՛յ, չստացվեց։ Ոզում էինք մարտի 1–ի գործը բացահայտել, նույնիսկ հայտարարեցինք, որ բացահայտված է, բայց վա՛յ, էլի չստացվեց։

44-օրյա պատերազմի հանգամանքները քիչ էր մնում բացահայտեինք, բայց չհասցրեցինք՝ ողջ Արցախը օկուպացվեց, էլ ի՞նչ բացահայտենք։ Թեկուզ Տոնոյանին ու Արզումանյանին դեռ կպահենք փակի տակ, չի իմացվի։

Ուզում էինք Բերձորի միջանցքը պահել՝ չստացվեց։ Բայց լուրջ՝ ուզում էինք։

Քիչ էր մնում Մանվել Գրիգորյանին դատեինք՝ չստացվեց, մարդը չուզեցավ արդարադատությունը տեսնել եւ նենգաբար մեռավ։

Ուզում էինք աշխարհի չեմպիոն ունենալ ֆուտբոլում եւ շախմատում, բայց Մխիթարյանին ու Արոնյանին դուրս մղեցինք երկրից, ինչ անենք՝ չստացվեց։

Ասում էինք՝ Մոսադի եւ ՄԻ-6-ի մակարդակի հետախուզություն կստեղծենք, բայց ամբողջ գումարը ներքին անվտանգության վրա ծախսեցինք, այնպես որ՝ չստացվեց։

Ասում էինք՝ թոշակները եւ նվազագույն աշխատավարձերը կբարձրացնենք՝ չստացվեց, ինչ ասես գլխներիս չեկավ, էլ կորոնա, էլ պատերազմներ, հիմա էլ ջրհեղեղ։ Ջրհեղեղի պատճառների ուսումնասիրումն էլ Անդրանիկ Քոչարյանին կվստահենք՝ իր մոտ լավ է ստացվում։

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրեցինք, բայց չստացվեց՝ դատարանը նենգաբար արդարացրեց։ Մնացածների վրա էլ բան չենք գտնում, բայց զատո մի քանի տարի պահում ենք բանտում։ Իրենք գիտեն, թե ինչի համար։

Ուզում էինք համազգային հայրենիք կառուցել, նույնիսկ նման երդում ենք տվել, բայց էլի, վա՛յ, չստացվեց։

Հիմա նոր բան ենք մոգոնել՝ երկիրը հարմարացնել փոփոխվող աշխարհին։

Բայց էլի ոչինչ, կարող էր ավելի վատ լիներ։

f