Էներգետիկ եւ տրանսպորտային առումով մենք կհայտնվենք անկլավային վիճակում

  • 21:57 04.06.2024

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններին ու ներկայացվում են որպես սահմանազատում, լրջագույն խնդիրներ են ստեղծում հատկապես մեր գազա-տրանսպորտային համակարգի համար։ Այս մասին այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Այսպես կոչված դեմարկացիայի արդյունքում այն մայրուղային գազամուղը, որով ՀՀ-ն բնական գազ է ներկրում ՌԴ-ից՝ Վրաստանի տարածքով, հայտնվում է լրջագույն հարվածի տակ։ Խոսքը մասնավորապես Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ հատվածի գազատարի մասին է, որի մի մասն այսօր փաստացի հայտվում է թշնամու վերահսկողության ներքո։ Արդեն այսօր հայտնի է, որ պատրաստվում են որոշակի աշխատանքներ իրականացնել այդ գազամուղի լոգիստիկան փոխելու համար։ Ըստ նախնական տվյալների՝ խոսքը գնում է մինչեւ 15 կմ գազամուղի լոգիստիկան փոխելու մասին, ինչը մեծ ծախսերի հետ է կապված։

Բայց ծախսերը դեռ մի կողմ, ակնհայտ է, որ սա ստեղծում է մի իրավիճակ, որ Ադրբեջանը փաստացի լծակներ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում որպես դերակատար հանդես գալու՝ ցանկացած պահի հնարավորություն ունենալով խոչընդոտել դեպի ՀՀ կապույտ վառելիքի ներմուծումը։ Ես վստահեցնում եմ՝ եթե այս նույն անկլավային տրամաբանությամբ քաղաքականությունը շարունակվի նաեւ մեր հարավային սահմանին, այսինքն՝ Սյունիքում, ապա էներգետիկ եւ տրանսպորտային առումով մենք կհայտնվենք անկլավային վիճակում, որովհետեւ նույն կարգավիճակում կհայտնվի նաեւ մեզ համար կենսական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը, հարցականի տակ կհայտնվի Իրանը Հայաստանին կապող էլեկտրահաղորդակցման գիծը եւ այլն:

Եվ դրա հետ մեկտեղ գործող իշխանությունները խոսում են Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին»,- ասաց Վահե Դավթյանը։

f