Հասարակական գործիչ, GEN նախաձեռնության կենտրոնի նախագահ Արմինե Ավագիմյանը սոցցանցի իր էջում հիշեցրել է Արցախում անշարժ գույքի ապահովագրման կարգը՝ նշելով, որ «հիփոթեքով տուն գնելիս ապահովագրությունը եղել է կամավոր-պարտադիր»։
«Արցախի որոշ բանկեր, Ամերիաբանկը, Կոնվերսբանկը և այլն, հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերող քաղաքացիներին պահանջում էին ապահովագրել իրենց տունը։ Բայց պարզ չէ, թե ապահովագրական ընկերություններից ինչ-որ մեկը փոխհատուցե՞լ է տարիների ընթացքում վճարված գումարները»։
Ավելի վաղ Արմինե Ավագիմյանը բարձրացրել էր Արցախի քաղաքացիների կողմից վճարվող կուտակային կենսաթոշակների և «բանկային» դրոշմանիշային վճարների, ինչպես նաև ներքին տեղահանվածների այլ խնդիրներ։
«Մենք տեսնում ենք արցախցիների իրավունքների հերթական ոտնահարումը։ Բայց չէ որ եղել են պայմանագրեր, և քաղաքացիները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները բոլոր առումներով՝ վճարել են ամսական ապահովագրական գումարներ: Հիմա եկել է իշխանությունների, բանկերի, ընկերությունների ժամանակը, բայց նրանք հրաժարվում են քաղաքացիների հանդեպ իրենց պարտավորություններից։ Այս բոլոր հարցերը պետք է բարձրացվեն, ուսումնասիրվեն և արդարացի որոշումներ կայացվեն։ Դրա համար նախատեսում ենք ստեղծել խումբ, որտեղ կընդգրկվեն տարբեր ոլորտների փորձագետներ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Ավագիմյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: