
Սերնդեսերունդ փոխանցվող պատերազմի մասին պատմում է Հայկական լեռնաշխարհի մշակութային օմբուդսմենի գրասենյակի ղեկավար Հովիկ Ավանեսովը
Նախնիներս Ասկերանի շրջանի Դահրավ գյուղից էին: 1990-ականներին նկուղում էինք ապրում, հայրս պատերազմի մասնակից էր: Զարմանալի է, որ այդ դժվարին պայմաններում ապրելու մասին էլ ունեմ ջերմ հիշողություններ: Մեր տատիկները բարակ, երկար մակարոնների տոպրակների մեջ մանդարին, ընկուզեղեն էին լցնում, գունավոր թելերով կապում ու տալիս մեզ: Կամ էլ` Նոր Տարվա զարդարանքի համար գունավոր թերթերով շղթաներ էինք կտրտում, իրար կպցնում…
Այդ մթնոլորտը ավելի մտերմիկ էր ինձ համար, քան թե հետո, երբ ամեն ինչ սկսեցին վաճառել: Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը համագյուղացիների օրն էր` նրանք հավաքվում էին ու մատաղ անում: Դա ընկալվում էր որպես ուխտագնացության: Տատիկները ոտաբոբիկ մինչև մատուռ քայլում էին: Չկար այնպիսի տուն, որտեղ Վազգեն Առաջինի նկարը չլիներ: Խորհրդային տարիներին դա արգելված էր, բայց մարդիկ աղոթում էին դիմացը:
1997 տեղափոխվեցինք Ասկերան: Մեր տունը երկու անգամ ռմբակոծել էին: Հաճախում էի Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցը: 2008թ. ընդունվել եմ Մաշտոցի համալսարանը:
Մայրական կողմի բարեկամներս 1918թ. Բաքվում նավթի հանքերի գործարաններում էին աշխատում, որտեղ և նրանց ողջ-ողջ վառել էին: 7 տարեկան էի, երբ պատահական լսեցի այդ մասին: Դա ինձ մղեց, որ ես ընտրեմ այս մասնագիտությունը: Ես իմ շրջապատից շատ եմ լսել, թե սովետի տարիներին ինչեր էին անում ադրբեջանցիներն Արցախում և Հայաստանում` խոշտանգումներ, առևանգումներ, սակայն մեդիան չէր անդրադառնում, միայն մի երկու դեպք են գրել սովետական թերթերում:
Իմ ծնողները Սումգայիթի ցեղասպանության ականատեսներն էին: Մի քանի տարի համոզել եմ մայրիկիս, որ տեսածը պատմի: Ուսանող էի, 2011թ. պատմածը տպագրել եմ: Այն տպավորությունն էր, որ 1988-ի փետրվարը նրա աչքի առջև է: Նկարագրել է, թե ինչպես էին շենքի տանիքից 14 տարեկան աղջկան ցած գցում:
Սովետական տարիներին կային կրոնական, ազգամիջյան խնդիրներ: Կենտրոնական հատվածներում կարող էր չզգացվեր, բայց 1960-ականներից հետո հայերին ծեծում էին: Ատելությունը հայի նկատմամբ միշտ էլ կար: Դրա մասին չէր խոսվում: Բաքվում մի բակային խաղ էր տարածված: Կտորներից տիկնիկ էին սարքում, տալիս երեխաներին: Ասում էին` պատկերացրեք սա հայ է, կտրեք ձեռքերն ու վիզը…. Սումգայիթի դեպքերը մի քանի օրում չեն կազմակերպվել, այլ մի քանի տարում…
Չարդախլու գյուղում կառուցված ռազմական թանգարանը սովետական տարիներին Ադրբեջանը վերածել է թեյարանի: Եկեղեցիները վերածում էին պահեստների:
Տարիներ հետո էլ զգացողություն ունեի, որ կռիվը չի վերջանում, մեր բնակավայրերը պահել է պետք: Պետք է սեփականատիրոջ զգացումը լինի Հայաստանի, Արցախի ամեն մի հատվածի նկատմամբ: Եթե այդ մոտեցումով դաստիարակենք սերունդներին, մեծ հաջողությունների կհասնենք:
2020թ. սեպտեմբրի 26-ին` Ստեփանակերտի օրը, ընկերոջս հետ քայլում էինք զարդարված քաղաքում, իսկ իմ մտքերում այն էր, որ լինելու է մասշտաբային պատերազմ, որի ամբողջ ընթացքում ընտանիքս այնտեղ էր: Աշխատել եմ բազմաթիվ արտասահմանյան լրագրողների հետ: 2020 թ. հետո էլ որոշում կայացրի մնալ Արցախում, ընտանիք կազմեցի, երեխաս ծնվեց շրջափակման օրերին: Փորձում էինք բավարարվել նվազագույնով:
Այդ օրերին արդեն հասկանում էինք, որ ունենք Մշակույթի ժառանգության պաշտպանության գրասենյակի կարիք: 2023 թ․ հունիսի 6-ին ազդարարեցինք Մշակույթի ժառանգության օմբուդսմենի ինստիտուտի գործունեության ընթացքի մասին: Ամբողջ շրջափակման ամենածանր պայմաններում Կովկասագիտության կենտրոնի և գրասենյակի շրջանակներում ամեն վայրկյան աշխատանքներ էին տարվում:
Հասկանում էի, որ 2020 թ. դեռ երանի ենք տալու: 2023թ. սեպտեմբերի սկզբից արդեն ոտքով էի գնում աշխատանքի` 20 կմ: Սեպտեմբերի 19-ին ընտանիքս Ասկերանում էր, ես` Ստեփանակերտում, տրանսպորտ չկար: Թիրախավորվում էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Փորձում էի հասկանալ` ինչ է կատարվում: Երևանի մամուլում ոչ մի հրապարակում դեռ չկար, կարծես ոչինչ չէր կատարվում: Ինֆոփոխանակման համար լրագրողների հետ կապվեցի և խնդրեցի ինֆորմացիան արագ տարածել:
Ես իմ տանը հրաժեշտ չեմ տվել, եթե ես չէ, իմ երեխաները վերադառնալու են…Մտել եմ Ասկերանի եկեղեցին, մոմ վառել և երդվել, որ անկախ ամեն ինչից խոսելու եմ Արցախի մասին:
Մնալու դեպքում լինելու էր երկրորդ Սումգայիթը…
Տարածաշրջանային խոշոր խաղացողների համար այս սցենարն անկանխատեսելի էր: Մենք դրանով խառնել ենք բոլոր խաղաքարտերը: Դուրս գալը ճիշտ որոշում էր, հանրաքվեի նման էր, որ մենք Ադրբեջանի իրավազորության տակ երբեք չենք ապրելու, չենք դառնալու զոհ…
Տաթև Ազիզյան