Ողջույն, Սրբազան։ Ձեզ դիմում է Սամվելը, սույն թվականի ապրիլի 22-ին մենք հանդիպել ենք Կիրանցում, մեր սիրելի Արսեն Գրիգորյանի միջոցով ծանոթացել, ողջունել ենք միմյանց։ Նաև հանդիպեցինք Սարդարապատի հուշահամարիլում, ինչպես նաև վերջերս Երևանում և գրկախառնվեցինք` երթերից մեկի ժամանանկ: Չգիտեմ , կհասնի՞ արդյոք իմ այս ուղերձը Ձեզ, թե ոչ, բայց իմ պարտքը համարեցի գրել մտքերս։
Գուցե ես միամիտ եմ, որ մտածում եմ, թե այս նամակը ինչ- որ բան կփոխի, բայց, այս ուղերձը գրելով, իմ խիղճը մի փոքր ավելի հանգիստ կլինի։
Գրում եմ այս նամակը՝ հաշվի առնելով նախորդ 30-ամյա պետականաշինության ձախողման ընթացքն ու ժողովրդի մղումների չարդարացված փորձը։
Սրբազան , վերջին մեկ ամսվա ընթացքում ես իմ քաղաքական գաղափարակից ընկերների հետ ներկա ենք լինում և աջակցում ենք Ձեր առաջնորդած շարժման հանրահավաքներին։ Ներկա էինք՝ չնայած նրան, որ այդ հանրահավաքներում ներկա են մարդիկ, ում խղճի վրա նույնպես կա այսօրվա աղետի պատասխանատվության չափաբաժինը, որոնք տարիներ շարունակ սպասարկել են օտար գերպետության շահերը ՝ ստորադասելով մերը, բայց այնուամենայնիվ մենք միացանք շարժմանը, քանի որ հասկանում ենք, որ Հայաստանը գնում է թուրանացման ճանապարհով, միացանք, քանի որ հասկանում ենք, որ այսօր Հայաստանի ղեկին նստած է թուրքական շահերին ծառայող ռեժիմ։
Սրբազան, այս նամակը գրում եմ Ձեզ իմ սեփական նախաձեռնությամբ, որպեսզի փոխանցեմ իմ անձնական մտահոգություններս և պատկերացումներս մեր պետության ապագայի վերաբերյալ։
Մենք պետք է գիտակցենք ու ընդունենք, որ այս վիճակին ենք հասել ոչ միայն 2020 թվականի աղետի կամ նույնիսկ 2018 թվականի կեղծ հեղափոխության պատճառով, այլ այս վիճակում ենք , քանի որ 1991 թվականին կառուցեցինք մի համակարգ, որը ծնում է նիկոլներ։ Մենք կառուցել ենք համակարգ, որը սպասարկում է «նախկին» և ներկայում տարածաշրջանը լքող գաղութատերի շահերը և ընդունել ենք 1921 թվականի «Լենին- Քեմալ» ապօրինի պակտով ամրագրված Հայաստանի ոչ լեգիտիմ 29 հազար քկմ սահմանները, որով օտարվում է մեզանից ՀՀ մաս հանդիսացող Արցախը և մյուս հայկական տարածքները։
Փոխանակ դառնալու Հայաստանի առաջին և միակ հանրապետության իրավաքաղաքական ժառանգորդը, որը կադաստրի փաստաթղթեր ունի, որ Արցախն ու հայկական այլ տարածքները իրավամբ հանդիսանում են ՀՀ մաս՝ մենք մեզ շղթայել ենք ռուս- թուրքական ոչ լեգիտիմ պակտով և դարձել օկուպացված և մասնատված բոլշևիկյան Հայաստանի ժառանգորդը։
Ներկա թուրքական ՔՊ- ական վարչախումբը Հայաստանը մասնատող «Լենին- Քեմալ» ապօրինի պակտի և հայասպան 29 հազար քկմ սահմաններով Հայաստան ունենալու ամենավառ ու ամենահլու իշխանությունն է։
Իհարկե, Փաշինյանի ռեժիմի հեռացումը հիմնական օրակարգն է, բայց շատ կարևոր է նաև փոխել այն համակարգը, որը ծնում է փաշինյաններ։
Սրբազան, եթե մենք այսօր կրկնենք նախորդ տարիների մեր սխալները և չփոխենք հակահայկական համակարգը և բավարարվենք միայն անձափոխությամբ, հավանաբար այլևս հնարավորություն չունենանք ինքնիշխան և ազգային պետություն ունենալ։
Եթե մենք ռեգիոնալացված աշխարհաքաղաքական ճարտարապետության ներքո մնանք, ձեռք չբերենք նոր դաշնակիցներ ու մնանք սովետական բանակաշինության հայեցակարգի ներքո, չկառուցենք «Ազգ- բանակ» հայեցակարգի վրա խարսխված արդիական բանակ, մենք չենք ունենա անվտանգ, ինքնիշխան և ազգային պետություն։
Եթե մենք մնանք օկուպացված և մասնատված բոլշևիկյան Հայաստանի ժառանգորդ և մղվենք 3+3 ռեգիոնալ թուրքական նախագծի ներքո, մենք կդառնանք թուրքական անցուղի և երբեք չենք դառնա «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, որը կապում է Հնդկաստանը Արևմուտքին, ինչը Հայաստանի անվտանգությանը նպաստող հզոր գործոն կհանդիսանա։
Սրբազան, մաքուր պահենք շարժումը և գնանք համակարգային փոփոխության, այլ ոչ միայն անհատի։ Պահելով այս թույնավոր գաղութային համակարգը` չծնենք նոր նիկոլներ:
Անկախ տվյալ շարժման ապագայից, ես ու իմ ընկերները մեր ազատագրական պայքարը շարունակելու ենք:
Հարգանքով ՝ ՀՀ քաղաքացի Սամվել Ասլիկյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: