Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին նիստ պետք է գումարի, որի օրակարգում ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցն է լինելու։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին ասաց, որ օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցն է։
Ընդդիմության առաջարկած նախագծով վարչապետի թեկնածուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն է։
«Այն, ինչը մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության եւ տրամաբանության մեջ է մտնում։ Դա մեր գործիքակազմերից մեկն է, որը պետք է օգտագործենք։ Իսկ եթե իրենք փորձեն խոչընդոտել, կարծում եմ, իրենց մոտ չի ստացվի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ն չի խոչընդոտի՞ արտահերթ նիստի անցկացումը։
«Ամեն ինչ մեր ժողովրդին ձեռքում է, եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն այլեւս իշխանություն չեն, իրենք իշխանություն չեն լինելու։ Բազմիցս ասում էին՝ շարժումը մարում է, երեկ տեսաք, որ հրապարակը լեփ-լեցուն էր։ Բայց հրապարակը լեփ-լեցուն լինելուց բացի շատ կարեւոր է, որ մարդիկ նաեւ մասնակցեն ակտիվ գործողություններին»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ ասաց․ «Այս պահին պահանջն այն է, որ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, բայց ցանկացած պահի պահանջները կարող են փոխվել։ Այսինքն՝ բուն տրամաբանությունը չի կարող փոխվել, թե ինչի համար է այս քաղաքացիական անհնազանդությունը, բայց ձւերը կարող են ճկուն լինել ու փոխվել։ Օբյեկտիվ պատճառներն այնքան շատ են, որ գոնե 2020 թվականի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տված լիներ։ Եթե հրաժարական չի տվել, այսօր որեւէ այլ գործողություն, բացի հանրային ճնշումից, չի կարող իրեն ստիպել, որ ինքը հրաժարական տա»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: