«Ես կարծում եմ՝ Լեմկինի ինստիտուտը օգտակար գործունեություն էր ծավալում միջազգային իմաստով, բայց վերջին շրջանում մեր ընդդիմությունը որոշել է նաեւ գործիքայնացնել դա, որոշակի կապեր կան»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարություններին։
Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 24-ի ուղերձից հետո Լեմկինի ինստիտուտը Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին մեղադրեց Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ՝ նշելով, որ ՀՀ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դրվող հայտարարություններ են արվում։
Հարցին ի պատասխան, թե ի՞նչ քաղաքականություն է վարում ՔՊ-ն, որ միջազգային հանրությունն իրենց ուղիղ մեղադրում է մեր թշնամիների շահերը սպասարկելու մեջ, Ռուբինյանը պատասխանեց. « Ես հիմա չեմ ուզում բացատրել, թե Լեմկինի ինստիտուտը ինչ է արել, որովհետեւ դա կվնասի մեր արտաքին քաղաքականությանը։ Եկեք ես չպատասխանեմ Լեմկինի ինստիտուտի մասին հարցին, որովհետեւ ես կարող եմ շատ լավ պատասխանել, եւ դա օգտակար կլինի ներքաղաքական իմաստով, բայց բացասական ու վնասակար կլինի արտաքին քաղաքականության իմաստով»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաեւ չպատասխանեց հարցին, թե ուղիղ դատապարտո՞ւմ է Թուրքիային ու Ադրբեջանին, որտեղից այս օրերին հայտարարություններ են հնչում Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին։ Նա հարցը «դեղին մամուլին» բնորոշ հարց որակեց. «Եթե հարցնեիք՝ արդյոք ինձ համար անընդունելի՞ է որեւէ երկրի խառնվելը Հայաստանի ներքաղաքական կյանքին, ես ձեզ կասեի՝ այո՛, ես միանշանակ դատապարտում եմ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: