Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում կրկին բախում և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները մահակներով հարվածում են ցուցարարներին:
Ոստիկանները հրում են պատգամավորներին և թույլ չեն տալիս մտնել ԱԺ շենք: Քաշքշոց է սկսվել նրանց միջեւ: ԱՎելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել 60 քաղաքացի:
Շարժման անդամներից 3 հոգին, որոնցից 2-ը կին են, վնասվածքներ են ստացել, այժմ գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին ԱԺ-ի բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Ազգային ժողովում իրավիճակը քիչ առաջ լարվեց, երբ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այն գեներալներին, որոնք 2018-2019 թվականներին իր ներկայությամբ հայրենասիրական կենացներ էին խմում։
«2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել ԼՂ-ին։ Այն մարդիկ, ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում, ասելով, որ ԼՂ-ի ժողովուրդը հերոսական մինչև վերջ կանգնելու է և մենք էլ նրանց հետ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք ստեղից փախնենք։ Գեղամ Մանուկյան, ձեր նշած գեներալները 2018-2019-ին այնպիսի հայրենասիրական կենացներ էին խմում իմ ներկայությամբ։ Գլուխները պատին են տվել, վախկոտ դասալիքներ են։ Նրանք պիտի հայտնվեն բանտերում և երկար տարիներ անցկացնեն այնտեղ»,- ասաց Փաշինյանն իր խոսքում։
Այդ ելույթի ընթացքում կրքերը թեժացան, ընդդիմության և իշխանության միջև մեղադրանքներ հնչեցին։ ԱԺ նախագահը չկարողանալով հանդարտեցնել իրավիճակը՝ հայտարարեց ընդմիջում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: