ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե ֆակտո գոյություն չունի։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մեր իրականության մեջ մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է։ Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թվականի փետրվարից ի վեր եւ դրանից առաջ էլ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ անդամներն իրար հետ չեն խոսում։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին դե ֆակտո գոյություն չունի»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ 2016 թվականից բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ լուծարումը, ԼՂ-ում գոյություն ունեցող կարգի լուծարումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձագանքեց Փաշինյանին․ «Դուք սուտ եք ասում ծայրից ծայր։ Դուք անընդհատ խոսում եք այն մասին, որ նախկինները բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, դուք մի հատ վերհիշեք ձեր իսկ տեսաուղերձը, որը հղել եք ՄԱԿ-ին պատերազմն սկսելուց երկու օր առաջ։ Դուք ասել եք, որ, այո՛, միջազգային հանրությունն ինքնորոշման իրավունքն ընդունել է։ Եվ Ադրբեջանին ուղղում եք, որ գնա այդ ուղղությամբ։ Ցեղասպանության մասին եք խոսում, այն ժամանակ եք ճիշտ ասել, թե՞ հիմա։ Դուք ասում եք՝ Մինսկի խումբ գոյություն չունի, բա որ Մինսկի խումբ գոյություն չունի, Իլհամ Ալիեւը ձեզ ինչո՞ւ է առաջարկում համատեղ դուրս գաք Մինսկի խմբից։ Իր ամբողջ կյանքի երազանքն է եղել, որ այդ Մինսկի խումբն ընդհանրապես չաշխատի, որովհետեւ միշտ աշխատել է Ադրբեջանի դեմ։ Դուք պատմությունը չեք կարող աղավաղել»։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին պատասխանելով՝ նա խոսեց Ռուսաստանի առաջնորդած կառույցի մասին՝ շեշտելով՝ իրենք կորոշեն, երբ դուրս գալ այդ դաշինքից։
«Մեղավորը նրանք ենք , ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը», – ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեն գալիս այդ դաշինքից, Փաշինյանը հակադարձեց. – «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում… մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։
Ստացվում է, որ Փաշինյանը Մինսկի խմբին ավելի շուտ կթաղի, քան ՀԱՊԿ-ին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: