Փաշինյանը հայտարարեց հաջորդ երեք քայլերի մասին

  • 12:51 13.06.2024

Երեկվա հայաստանյան իրադարձություններից հետո քննարկման հիմնական թեման բախումներն են, ուժի կիրառման համաչափությունը և ծեծկռտուքը խորհրդարանում։ Բայց ակնհայտ է, որ այս ամբողջ կոշտ խաղը նպատակ ուներ ապահովելու, որ խորհրդարանում հնչեն այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարությունը մտադիր է իրականացնել Փաշինյանի գլխավորությամբ  մոտակա ժամանակներս։

Երբ փողոցում մարդիկ պահանջում էին նրա հրաժարականը, Փաշինյանը երեք կարևոր հայտարարություն արեց․

Սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը տեղի կունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստ է անգամ վաղը բացել սահմաններն ու ճանապարհները՝ իմանալով, որ ներքին ընդդիմությունը դա չի վիճարկելու։ Այնպես, ինչպես ընդդիմությունը չդիմեց իրավական և քաղաքական քայլերի՝ բողոքարկելու «սահմանազատման» քողի տակ իրականացված հայկական հողերի հանձնումը։ «Սահմանազատումից» և հաղորդակցությունների բացումից հետո «խաղաղության պայմանագիրը» կդառնա կապիտուլյացիայի ակտի ամրագրում և կստորագրվի Բաքվում։

Մինսկի խումբը փաստացի չի գործում, ՀԱՊԿ-ը փուչիկ է, բայց մենք դեռ այնտեղից չենք հեռանա։ Սա նշանակում է, որ Փաշինյանը վերջ է դնում արցախյան կարգավորման և Հայաստանի սահմանների որոշման միջազգային ձևաչափին՝ այն ԵԱՀԿ մակարդակից տեղափոխելով ՀԱՊԿ “փուչիկ” մակարդակ։ Միջազգային  կաչաղակները սկսեցին գոռալ, իբր Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես պարզաբանեց, որ Փաշինյանն ընդհանրապես չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն միաժամանակ չի պարզաբանել, թե արդյոք Փաշինյանը ընդունել է Ալիևի առաջարկը՝ դիմելու ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու պահանջով։ ԱԳՆ-ի լռությունը նշանակում է, որ հենց դա էլ լինելու է։

Դեռ 2018 թվականին ես պիտի հայտարարեի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Փաշինյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում, բայց երեկ դա հնչեց որպես հաջորդ քայլի նախերգանք՝ Ալիևի հետ գնալ “Խանքենդի” և Շուշիում ընտանեկան թեյախմություն անել։

Ցուցարարները, ովքեր անկեղծորեն փորձում են փոխել իրադարձությունների այս ընթացքը, չեն արձագանքում Փաշինյանի հրամայական հայտարարություններին՝ դրանով իսկ ապահովելով այդ ծրագրերի անխոչընդոտ իրականացումը։

Նաիրա Հայրումյան

f