Սամվել Շահրամանյանը փակագծեր է բացում

  • 19:32 13.06.2024

«Այն հայտարարությունները, որոնք այսօր հնչել են Ազգային ժողովում, որեւիցե կապ չունեն իրականության հետ, ժողովրդի կարծիքով՝ դա հերթական մանիպուլյացիան է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մի քանի հարցի կուզենայի անդրադառնալ, առաջինն այն հանգամանքին, որ արցախցիները եւ Արցախի կառավարությունը դիմացել են երկու ժամ, որից հետո խնդրել ենք դուրս գալ այնտեղից։ Դա այդպես չէ, արցախցիները դիմացել են 32 տարի, եւ 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմներ»,- ասաց Շահրամանյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Ինչ կապված է վերջին գործողությունների հետ, ես իմ ելույթներում նշել եմ, որ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք։ Եվ դիմադրել՝ 1-ը 12 հարաբերությամբ, Ադրբեջանի զինված ուժերին, հնարավոր չէր։ Եվ պետք էր փրկել կյանքեր։ Պետք էր ամեն քայլի գնալ ու փրկել կյանքեր, ինչը եւ Արցախի կառավարությունն արել է։ Ինչ վերաբերում է, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին-կարգին, յուղած, ես ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում եւ ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ո՞ւմ էր ենթարկվում Պաշտպանության բանակը։ Վերջերս նաեւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն անդրադարձել է իր ելույթում այդ հարցին, նշել է, որ մինչև վերջին օրը պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի կառավարությանը եւ հանդիսանում էր Պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում։ Սա այն ճշմարտությունն է, որը մեր ժողովուրդը պետք է իմանա, ու չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում»,- ասաց Շահրամանյանը։

Նա անդրադարձավ նաեւ Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց Նիկոլ Փաշինյանը «դասալիքներ» անվանեց։ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել եւ ապահովել մեր բնակչության դուրս բերումը։ Ավելի մանրամասն կանդրադառնամ մոտ ապագայում»։

Սամվել Շահրամանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի ղեկավարությունը չլսեց իրեն։ Հարցին, թե ի՞նչ խորհուրդներ է տվել Նիկոլ Փաշինյանը, եւ արդյոք իրենք չեն լսե՞լ, Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Մենք որեւիցե մեկին լսելու, չլսելու կարիք չունենք, մենք ունենք Սահմանադրություն, որի համաձայն մենք իրականացրել ենք քայլեր։ Ինչ վերաբերում է տեղահանման հետ կապված, ես նշել եմ, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ունեցել ենք հետեւյալ իրավիճակը՝ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Քաղաքացիական բնակավայրերը վտանգի տակ էին, քաղաքացիական բնակչությունը՝ նույնպես։ Օդանավակայանում ունեցել ենք տարբեր շրջաններից տեղափոխված 6000-ից ավելի քաղաքացիներ, որոնց հարցերը պետք է լուծվեին։ Եվ այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք, դա նաեւ մեր հասարակության եւ մեր ժողովրդի պահանջն է եղել։ Եթե մեր ժողովուրդը ցանկություն ունենար մնալ եւ Ադրբեջանի կազմում ինտեգրվել… Այս դուրս գալն էլ հանրաքվեի ինչ-որ տարբերակ է, իրենք իրենց կարծիքն արտահայտել են էս ձեւով՝ միասնական դուրս գալով»։

Անդրադառնալով հարցին, որ Փաշինյանը խոսում էր Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման մասին, ի՞նչ էր դա ենթադրում, Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Փաշինյանը նաեւ շեշտում էր, որ նախորդ նախագահը, երեւի Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը, տեղյակ էր, թե ինչ պետք է աներ նշաձողը իջեցնելու համար։ Բայց ես Արցախում տեսել եմ բազմահազարանոց մարդկանց հավաքներ, որոնք հետ չէին կանգնում իրենց ինքնորոշման իրավունքից, իրենց կարգավիճակից։ Ես տեսել եմ նախագահներ, ովքեր տարիներով հայտարարում էին, որ ոչ մի կառավարություն չի կարող հետքայլ անել ժողովրդի որոշումից։ Եվ սա ապացույցն է նրա, որ երեւի հասարակությունը պատրաստ չէր այդ իջեցմանը»։

Արցախի նախագահը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություններին, ասաց. «Մեր համար Արցախի էջը փակված չէ, եւ պետք է գտնել մեխանիզմներ, որը թույլ կտա Արցախի հարցը ստանա արդարացի լուծում»։ Շահրամանյանը ապուշություն որակեց ՔՊ-ականների այն հայտարարությունները, թե արցախցիները «ցույցի 5 հազար դրամանոց մատերիալ են»։

f