«Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում, Հայաստանին անհրաժեշտ են քայլեր»․ ասաց Օ՛Բրայենը:
Սա է տարածաշրջանի իրական պատկերը:
Այո՛, ռուսները պարտվելու ու ռադները քաշելու են տարածաշրջանից, և Հայաստանը պետք է կողմնորոշվի, որտեղ է լինելու` թուրքական տիրապետության տակ, թե՞ արևմտյան աշխարհում:
Ողջունելով Բագրատ Սրբազանի այն արտահայտությունը, որ նիկոլը բոլորի ծառան է՝ թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ-ի, պետք է կոչ անեմ եպիսկոպոս Գալստանյանին, որպեսզի շարժման վրայից մաքրի «ռուսական նախագծի» պիտակը:
Բագրատ Գալստանյանը, լինելով հոգևորական և ոչ քաղաքական մարդ, ըստ երևույթին ունի որոշակի հակաարևմտյան ապաքաղաքական կարծրատիպեր՝ երկար տարիներ շարունակ ռուսների կողմից հոգևորականության մեջ դրա ներմուծման հետևանքով։
Անշուշտ, արևմուտքին առողջ քննադատել նույնպես անհրաժեշտ է: Պետք է արևմուտքում տեսնեն, որ հայությունը դեմ է թուրքական իշխանությանը և թարգեն խաղեր տալ սրանց հետ:
Բայց պետք է քաղաքականացվել, պետք է հասկանալ, որ Հայաստանը ռուսական վասալ է, որին փոխանցում են թուրքական վասալության ներքո:
Պետք է գիտակցել, որ որքան շատ, կամա թե ակամա շարժումը ասոցացվի նախկինների և ռուսների հետ, այդքան շատ արևմուտքը անտարբեր կլինի և ոչ ադեկվատ հայտարություններ կանի տվյալ շարժման մասին:
Պետք է քաղաքականացվել, Սրբազան Հայր, պետք է հասկանալ, որ թուրանացումից խուսափելու լավագույն դեղատոմսը դա` արևմուտքի հետ սերտ դաշնակցությունն է:
Բոլորս պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններ շահագրգռված են այս շարժումով։ Իսկ շարժման մեջ հաղթելու է այն կենտրոնը, որին ձգտելու է հայ ժողովուրդը։
Բազմիցս նշել եմ, որ աշխարհը կառուցված է շահերի վրա, և արևմուտքը բարեգործական կենտրոն չէ, որ հայերիս սիրուն աչքերի համար փաշինյանի դեմ գնա: Համապատասխանենք ստանդարտներին որոնք իրականում իրենց հերթին Արևմուտքի խորքային շահերն են, որոնք համապատասխանում են ՀՀ ազգային շահերին, և արեւմուտքից համարժեք քայլեր կլինեն:
Եւ, այո՛, Օ՛Բրայենը ճիշտ է: Հայաստանը պետք է կողմնորոշվի:
Սրբազանը պետք է կողմնորոշվի` կա՛մ թուրանացում, կա՛մ, այո՛, չլինելով ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԱՄՆ-ի ծառա` գնալ արևմուտքի հետ դաշնակցային սերտ հարաբերությունների հաստատման, քանզի 3-րդ ճանապարհ մոտ ապագայում այլևս չի լինի: Ռուսաստանից կախյալ մնալը հավասարազոր է թուրքացման։
Ակնհայտ է, որ Սրբազանը մերժում է թուրանացումը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: