«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2023 թվականի առաջին իսկ օրերից մեծածավալ օգնություն է տրամադրել շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 19-ից հետո օրակարգային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային օգնության տրամադրումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«2023 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած տեղահանության օրերին միայն Կոռնիձորում և Գորիսում հիմնադրամը և տեղական մարմինները, մեծամասամբ՝ Ֆրանսիայի մեր տեղական մարմինը, աջակցեցին 20 հազար ընտանիքի՝ հաղթահարելու դժվարին ճանապարհը՝ նրանց տեղում տրամադրելով սնունդ, ջուր և վառելիք։ Այնուհետև, արագ կազմակերպված ցանցային դրամահավաքի շնորհիվ 200 տոննա աջակցություն ցուցաբերվեց Հայաստան հասած ավելի քան 42 հազար տեղահանվածների. տրամադրվեցին մեծածավալ պարենային, հիգիենայի, անկողնային և կենցաղային պարագաներ»,- նշեց նա։
«Ընդհանուր առմամբ, եթե հաշվենք նաև 2022 թվականի ձմռան և 2023 թվականի գարնան ընթացքում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին տրված աջակցությունը և նաև այս աջակցությունը, ծախսվել է 679 միլիոն 920 հազար դրամ կամ 1 միլիոն 722 հազար դոլար»,- եզրափակեց Արշամյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: