Հասարակական գործիչ, Արցախի արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Արա Ղահրամանյանն ասում է, որ ավելի քան 800 արցախցիներ արդեն ցանկություն են հայտնել դառնալ բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրի շահառու։
Միաժամանակ նա բացասաբար է գնահատել ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովան ծրագիրը՝ նշելով, որ «առաջադրված պայմանները չեն նպաստում արցախցիների կարիքների լուծմանը»։
«Հայաստանի քաղաքացիություն ընդունելու պայմանը պետք է հանվի, քանի որ արցախցիները վախենում են ամբողջությամբ կտրվել իրենց հայրենիքից և կորցնել վերադառնալու հնարավորությունը։ Հեռավոր բնակավայրերում բնակարան գնելու պայմանը նույնպես անընդունելի է, քանի որ շատ արցախցիներ արդեն որոշել են ապրելու վայրը, կարողացել են կազմակերպել իրենց կյանքը՝ գտնել աշխատանք, իրենց երեխաներին ընդունել դպրոցներ և համալսարաններ։ Ճիշտ չէ նաև այն պայմանը, որ միայն 10 տարի ապրելուց հետո միայն կարելի է դառնալ տան լիիրավ սեփականատեր։ Միանշանակ անընդունելի է, որ եթե ընտանիքի մեկ անդամ ունի անշարժ գույք, ապա ընտանիքի բոլոր անդամները զրկվում են պետական աջակցություն ստանալու հնարավորությունից։ Օրինակ՝ մարդն իր պատանեկության ժամանակներից մեկ սենյականոց սեփականություն է ունեցել։ Հետո նա ամուսնացավ, երեխաներն արդեն չափահաս են, հիմա ծնողների հետ բոլորն ապրում են այս մեկ սենյականոց բնակարանում, բայց զրկված են ծրագրին մասնակցելու իրավունքից։
Ծրագիրը ձեռնտու է միայն բազմազավակ ընտանիքներին, ովքեր ցանկանում են զբաղվել գյուղատնտեսությամբ»։
Արհմիության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ կառավարությունը հնարավորինս արագ կհաստատի սոցիալական բնակարանների հարցը, քանի որ «նման ընտանիքները նույնպես շատ են»։
«Արցախում կային բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, բայց կային նաև բազմաթիվ փոքր ընտանիքներ։ Հասկանալի է, որ միայնակները կամ տարեց ամուսնական զույգերը չեն կարողանա բնակարան գնել՝ օգտագործելով վկայագրերը»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: