Կիրանցի բնակիչներին համոզում են հրաժարվել գույքային եւ այլ պահանջներից

  • 19:42 19.06.2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Կիրանցի բնակիչներին տրվող փոխհատուցման հարցին։

«Այն մարդիկ, որոնք փոխհատուցումից հրաժարվել են եւ ունեն կադաստրի վկայականներ, այդ մարդիկ հրաժարվում են իրենց գույքը վաճառել։ Այս ընթացքում մի քանի անգամ տարբեր գումարներ են առաջարկել այդ մարդկանց, եւ մարդիկ հրաժարվում են։ Այդ դիմումը, որ պարտադրում են գրել, ասում են՝ դուք պիտի հրաժարվեք գույքային եւ այլ պահանջներից։ Այլ պահանջները չգիտենք՝ որն է։ Կառավարությունը որոշում է կայացրել, որով կիրանցիները պիտի խնդրանքով դիմեն մարզպետարանին, խնդրեն, որպեսզի իրենց վկայականները համարեն առոչինչ։ Եվ մարդիկ նաեւ օբյեկտիվորեն մտավախություն ունեն, որ պատասխանատվությունը դրվում է իրենց վրա։ Այսինքն՝ վաղը, մյուս օրը դատական հայցեր կամ գործընթաց սկսելիս այս իշխանություններն ասելու են՝ բա դո՞ւք չէիք այդ խնդրանքով դիմել, որ այդ կադաստրի վկայականները համարվեն առոչինչ։ Այսինքն՝ պատասխանատվությունն ամբողջությամբ տեղափոխում են գյուղացիների դաշտ»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը հավելեց․ «Շատ ավելի անբարոյական ձեւով են գործում, ասում են՝ եթե հիմա այդ փոխհատուցումից չօգտվեք, վաղը, մյուս օրը այդ գումարները ձեզ չենք տալու։ Այսինքն՝ շանտաժի մեթոդ են կիրառում մարդկանց նկատմամբ, կարճ՝ մի քանի օր ժամանակ են տվել, որ՝ եթե չօգտվեք, վաղը այդ գումարները չի լինելու։ Եվ մարդկանց օրինական կադաստրի վկայականներով տարածքներն իրենք հանձնում են Ադրբեջանին»։

Ըստ նրա՝ մարդիկ կադաստրի վկայականները տարբեր ժամանակներին են ստացել, կան նաեւ վկայականներ, որ 2020 թվականից հետո են տրվել․ «Դա էլ չեն կարող գցել նախկինների վրա, թե նախկինները սխալ են արել, որ վկայական են տվել, այսինքն՝ իրենց օրոք տրվել են վկայականներ։ Ուղղակի մարդկանց նվաստացնում են, որ խնդրեն իրենց տարածքները հանձնել Ադրբեջանին»։

Նա ասաց, որ ավելի քան 50 վկայականներ կան իրենց ձեռքի տակ, որ այդ տարածքները հանձնվում են Ադրբեջանին։ «Մենք իրավական գործընթաց ենք նախաձեռնում, նաեւ դիմել ենք իրավաբաններին, Թաթոյան հիմնադրամին, մեզ հավատացրել են, որ իրենք իրավունք չունեն շանտաժի մեթոդով մարդկանց վկայականները վերցնել։ Դա անօրինական է»,- հավելեց նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ հավելեց, որ Կիրանցի ժողովրդի մի մասն այնքան արժանապատվություն ունի, որ մերժել են այդ փոխհատուցումը։ «Եվ ի՞նչ գումարներ են առաջարկում՝ մի հատ փոքրիկ տնակի համար, որ դրված էր ոլորանի վրա, որը գյուղ էր մտնում, այդ փոքրիկ տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել։ Մնացածը հսկայական թվեր, էդ փոքրիկ տնակի համար ո՞ւմ գումարն եք առաջարկում։ Մարդն ասել է՝ էս տնակը, դոմիկ կոչվածը 1000 դոլար հազիվ արժենա, դուք ինչո՞ւ եք ինձ 50 հազար դոլար առաջարկում։ Այդքան արժանապատվություն ունի այդ մարդը, հասկանո՞ւմ եք։ Այսինքն՝ կաշառք են տալիս, բառիս բուն իմաստով։ Բա սա առերեւույթ նյութապես շահագրգռելու հոդված չէ, թե՞ իրենց չի վերաբերում։ Այդ որտեղի՞ց են այդ գումարները, պետական բյուջեից են տրամադրելու, հա՞»,- ասաց Բագրատ սրբազանը։

f