«Դիզակ արտ» մշակութային երիտասարդական կենտրոնը հիմնվել է 2021թ. Երևանում: Կենտրոնի համահիմնադիր Երազիկ Ավանեսյանի խոսքով` 2020 թ. պատերազմից հետո մտահղացում ծագեց Երևանում հիմնել մի կենտրոն, որն իր շուրջ կհամախմբի արցախցի տեղահանված մանուկներին: 2021թ.սեպտեմբերից կենտրոնն արդեն մշակութային ծրագրեր էր իրականացնում: Երազիկ Ավանեսյանը մշակույթի և երիտասարդության բաժնի ղեկավարն էր Հադրութում, Լիաննա Պետրոսյանը` «Դիզակ» թերթի խմբագիրը, իսկ համահիմնադիր Գայանե Բուդաղյանը Հադրութի շրջանի պատմական միջավայրի պահպանության պատասխանատուն էր:
«Այսօր մեր կենտրոնի պատկերասրահում կան «Դիզակի գույները» 4-րդ միջազգային սիմպոզիումից փրկված կտավներ: Այս կտավներն Արցախի մասին են հիշեցնում: Սա մի փոքրիկ տուն է, որը համախմբել է արցախցիներին»,- ասում է Երազիկ Ավանեսյանը` նշելով, որ կենտրոնի հիմնադրման գաղափարը այդ փրկված կտավներն էին:
Կենտրոնում անցկացվում են տարբեր ծրագրեր, միջոցառումներ: «Դիզակ արտը» մասնաճյուղ ունի նաև Աբովյան քաղաքում և այս երկու կենտրոններում երեխաներն ուսուցանում են ազգային երգ, պար, թատերարվեստ, նկարչություն, ասեղնագործություն, դհոլի դասեր: Մասնակիցների թիվը 150-ից ավել է:
Այս երեք տարիների ընթացքում մասնակցել են տարբեր մրցույթ-փառատոնների, համերգային ծրագրեր են ունեցել և այս պահին պատրաստվում են «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացմանը, որը կայանալու է հուլիսի 9-ին: Մինչ այդ բեմադրվել էին «Թումանյանը մենք ենք», «Արքան մերկ է» ներկայացումները:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: