Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտական փորձագիտական ֆորումում։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար է, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք», – ասել է Օվերչուկը՝ շարունակելով․ – «Պետք է նաև հասկանալ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի բաներ են, և այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու շնորհիվ, նույնպես պետք է ընկալվի, որ դա հենց այն գինն է, որ վճարում ենք՝ մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, հետևանքներ կունենա»։
ՌԴ փոխվարչապետը միաժամանակ հավաստիացրել է, թե Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։
Այսպիսով, Օվերչուկն ասում է, որ Ռուսաստանը «տնտեսապես վճարում է» Հայաստանին իր ազդեցության գոտում մնալու համար, և հենց որ Հայաստանը փոխի ուղղությունը, տնտեսական «օգուտները» կդադարեն։ Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանի դեմ կօգտագործի տնտեսական մտրակը` գազ, երկաթուղիներ, էլեկտրացանցեր, հանքեր և մի շարք այլ ոլորտներ, որոնք Մոսկվան տիրացել է Հայաստանում՝ «անվտանգության հովանոց» ապահովելու դիմաց:
Բայց 2020-2024 թվականները ցույց են տվել, որ հովանոցը ոչ միայն ծակ է, այն նույնիսկ չի բացվում և օգտագործվում է ոչ թե պաշտպանության, այլ ճնշելու եւ ստիպելու համար:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: