Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն․ նա արել է ամենավտանգավորը

  • 18:08 26.06.2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հնարավոր է առաջիկայում անգամ ձերբակալեն, քանի որ նրա նկատմամբ իրականացված «ավտոմեքենա շոուի» նպատակը ոչ միայն նրան հնազանդեցնելն է ու արցախցիներին փողոցից հետ պահելը, այլ Ալիեւի հերթական պահանջը կատարելը»։

ՔՊ-ական օդիոզ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրել է, որ «Շահրամանյանն ասել է, թե Արցախի բանակը մինչեւ վերջին օրը ղեկավարվում էր Հայաստանից»։

Ի՞նչ է արել Սամվել Շահրամանյանը, որը հակասել է ռուս-թուրքական եւ փաշինյանական պլաններին։ Կարծես, ոչինչ՝ նա լուծարել է Արցախը, մարդկանց տարհանել է, ենթարկվում է Փաշինյանի բոլոր հրամաններին, ոչ մի փակագիծ չի բացում։

Սակայն նրան «հետապնդում են» ոչ թե դիմադրելու կամ չդիմադրելու, հանձնելու, հրամանագիր ստորագրելու համար, այլ ամիսներով կառուցված սխեման տապալելու եւ “վերքը” բացելու համար։ Սխեման ենթադրոմ էր, որ հայերի մեծամասնությանը հնարավորություն կտրվի Արցախից դուրս գալ ռուսների “փրկիչ” քողի տակ, մի քանի հազար մարդ կմնար եւ ադրբեջանի քաղաքացիություն կստանար, «ռազմական հանցագործներին» եւ ռեւանշիստներին կդատեն, եւ Արցախը կենթարկվեր ադրբեջանին։

Սակայն դա տեղի չունեցավ․ Արցախը ոչ թե ենթարկվեց, այլ ուղղակի զրոյացվեց, արցախցիներն էլ հեռացան։ Միաժամանակ Արցախի թղթային լուծարումն՝ առանց Բաքվին հնազանդվելու վեր է հանել այն գլխավոր իրավական հիմքը, որի դեմ անզոր են եւ Ալիեւը, եւ Փաշինյանը։ «Անկախ Արցախ» պրոեկտի փակումից հետո պարզվել է, որ Արցախի կարգավիճակի միակ հիմքը՝ ՀՀ Սահմանադրությունն է, Անկախության հռչակագրի եւ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշմանը հղումով։

Գիտակցաբար է Շահրամանյանը ընտրել այդ ճանապարհը թե ոչ, հայտնի չէ, սակայն Արցախի պետականության լուծարման ակտը կրկին ակտուալացրել է Միացյալ Հայաստանի իրավական իրողությունը, և դա Շահրամանյանին չի ներվի։

Նաիրա Հայրումյան

f