ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կհաստատի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հնարավորություն կտրվի աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող են անցնել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք ՀՀ կառավարության կողմից վերցվել են ժամանակավոր պաշտպանության տակ եւ ճանաչվել փախստական:
Այդուհանդերձ, եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում՝ որպես ծառայությունում նոր ընդունվողներ:
ՀՀ ԱԱ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող անձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ եւ ունեցել սպայական բարձր կոչումներ։ Այսինքն՝ վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար:
Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:
Մասնավորապես, օրենքի 19-րդ հոդվածի 6.1 մասով սահմանված կարգավորման համաձայն` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել եւ պաշտոնի նշանակվել նաեւ այլ մարմինների` ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ աշխատակիցները։
Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հնարավորություն նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար»:
Ըստ նախագծի՝ պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Արցախում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը։ Իսկ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած եւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: