Էլինա Աղաբեկյանն աշխատանքի է անցել պատուհանների արտադրամասում։ Չափում ու կտրում է ապակիները, պատրաստում շրջանակները, հետո դրանք փոխանցում պատվիրատուին։ Նա այս աշխատանքով է զբաղվում վեց անչափահաս երեխաների կարիքները հոգալու համար։ Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝ այլ աշխատանք գտնել չի հաջողվում, որը հնարավոր կլինի համատեղել երեխաների խնամքի հետ։
«Ամուսնուս հետ եմ աշխատում ապակիների արտադրամասում։ Ամուսինս կտրում է, ես լվանում եմ, հավաքում եմ, հանձնում ենք»,-ասում է նա։
33-ամյա Էլինա Աղաբեկյանը 6 անչափահաս երեխաների մայր է։ Ընտանիքում 12 հոգի են․ ինքը, ամուսինը, վեց երեխաները, ամուսնու մայրը, իր ծնողները և մորաքույրը։ Բնակվում են Արարատի մարզի Մխչյան գյուղում վարձակալված տանը։ Ընտանիքի միակ եկամուտը Էլինայի և ամուսնու չնչին աշխատավարձն է, սկեսրոջ՝ մաքրուհու աշխատավարձը և պետության կողմից տրվող աջակցությունները, ինչն ամիսներով ուշացնում են։
«Լինում է, որ օրը 5, 6, 7, կամ պատալոկ 8 հազար դրամ ենք ստանում երկուսով։ Առավոտ շուտ գնում ենք, գիշերը մեկին, երկուսին նոր գալիս ենք։ Էս գիշեր, օրինակ, եկել ենք ժամը չորսին, բայց ութ հազարից ավել չենք ստանում։ Ես չեմ վարձատրվում, դա ամուսնուս աշխատանքն է, ես գնում, օգնում եմ, որ ուրիշին չբերեն, գումարը չկիսվի»,-Forrights.am-ին պատմում է Էլինան և նշում՝ ծանր աշխատանք է, հաճախակի են ապակու բեկորները հայտնվում մատների մեջ։
«Կնոջ գործ չէ, բայց ի՞նչ անեմ։ Աշխատանք չկա։ Խանութում առավոտից երեկո աշխատում ես մեկ ամսում 90 հազար դրամ են տալիս»,-ասում է նա։
Աշխատածը հազիվ սննդին է բավարարում, ասում է՝ վեց երեխային ամեն օր, օրը երեք անգամ կերակրելը հեշտ գործ չէ։
«200 հազար դրամ տան վարձ ենք տալիս։ Այսօր վերջին ոսկին եմ գրավ դրել, որ կարողանամ այս ամսվա տան վարձը տալ, Դուք որ զանգեցիք այդ պահին ոսկին գրավ էի դնում»,-ասաց նա։
Ազատ ժամանակ Էլինան համացանցում փնտրում է Ստեփանակերտի իրենց տունը։ Ցավով պատմում է, որ թշնամին այն շենքը, որտեղ բնակվում էին, խառնաշփոթի է վերածել, իր տան գույքը դուրս են նետել, իսկ ներսում չգիտի, թե ինչ է կատարվում։ Ծանր օրեր են անցկացրել Արցախում, բայց հիշողություններում գերակշռողը երջանիկ պահերն են, եթե հնարավորություն ունենա՝ կգնա, ասում է՝ թեկուզ ոտքով։
Սեպտեմբերի 19-ը, ինչպես բոլորի, այնպես էլ իրենց համար, դաժան է եղել։
«Առավոտյան ժամը 10-ի կողմերը մի հատ ձայն լսեցի՝ ուժեղ ձայն էր։ Վախեցա, երեխաները դպրոցում են, ամուսինս համար մեկով բարձրացել է դիրքեր, մեքենայի մեջ էլ բենզին չկա, փոքր երեխաս մեկ ու կես ամսական ձեռքիս է, մտածում եմ՝ ինչ պետք է անեմ։ Ժամը 11-ին էլի կրկնվեց։ Ամուսնուս եմ զանգահարում, անհասանելի էր։ Տղայիս եմ զանգում՝ անջատում է, նամակ եմ գրում, որ գան տուն։ Էրեխեքը հասնում են տուն ու կռիվը սկսվում է։ Փառք եմ տալիս, որ երեխաներս տուն են հասնում»,-ասում է նա ու պատմում, թե ինչպես է օրեր շարունակ վիրավորների ու դիակների մեջ փնտրել զինծառայող ամուսնուն։
«Ամուսնուցս խաբար չկար, զանգում եմ՝ անհասանելի է։ Ամսի 20-ի առավոտյան ասում են, որ Լևոնը վիրավորվել է։ Ես ընկնում եմ հիվանդանոցներում փնտրելու, չեմ գտնում։ Հաջորդ օրը իր ընկերներից են գալիս ցավակցում են, որ զոհվել է։ Ամսի 21-ին առավոտյան շուտ վեր եմ կենում, գնում եմ դիահերձարան։ Խնդրում եմ, որ սառնարանը բացի, չի բացում, ասում է՝ տղամարդ ասա թող գա, ասում եմ՝ ո՛չ հեր ունի, ո՛չ ախպեր, ես պետք է նայեմ։ Մտնում եմ, լույս չկա, հեռախոսի լույսով, հոտերի մեջ ամուսնուս եմ փնտրում։ Չեմ գտնում»,-հիշում է նա։
Էլինան կյանքն է վտանգել ամուսնուց որևէ լուր ստանալու համար՝ հայտնվել է ադրբեջանցիների կրակոցների տակ, կրակել են իր ուղղությամբ։
«Ամսի 24-ին իմանում եմ իր հետ ծառայողներից մեկի տան տեղը, գնում եմ, քաղաքից դուրս է, այդ հատվածում էլ արդեն ադրբեջանցիներ կան, այդ կողմից մտնում էին քաղաք։ Գնում եմ ընկերոջ տուն, չէին թողնում բարձրանամ, ասում են՝ թուրքերը մտել են այստեղ, Զորգի փողոցն է։ Գնում եմ, կրակում են ավտոյի վրա, ավտոն կանգնացնում եմ, ցատկում եմ ծառերի մեջ, էն որ ասում են կռվի մեջով ենք անցել, դա էր։ Ավտոմեքենան ծակել են կրակոցով, զենքով մտել էին քաղաք։ Գնում եմ տենում էդ կինն էլ իր երեխաների հետ նստած լացում է, ոչ մի տեղեկություն չունեն, իրենց վերցնում եմ, մի կերպ գալիս եմ քաղաք։ Հետո ախպերս է զանգում, որ արի Լևոնը զանգել է։ Մի քանի օր մնալուց հետո երկու ընկերով կարողացել էին դուրս գալ թուրքերի շրջափակումից»,-ասում է նա։
Էլինայի ամուսնու՝ Լևոնի մարտական ուղին կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում։
Նարեկ Կիրակոսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: