“Ռոզովի” շենքի գույնը

  • 22:09 01.07.2024

Ստեփանակերտի «ռոզվի շենքը» գտնվում է հենց կենտրոնում: Բացի «ռոզվի շենք» լինելուց նաև մայրաքաղաքի քաղաքապետարանն էր: Ստեփանակերտցիները ամենօրյա զրույցների մեջ քիչ էին օգտագործում «քաղաքապետարան» բառը, փոխարենը` «սօր պիտի քինամ ռոզվի շենքը մին երկու գործ կա անելի»:

«Ռոզվի շենքի» բակում ցայտաղբյուրներ կային` 3 հատ մեկը մյուսից բարձր, որպեսզի բոլոր բնակիչները կարողանան օգտվել: Իսկ ցայտաղբյուրների մոտ հայտնի «Ստեփանակերտ» գրությամբ նստարաններ էին:

Նրա դիմացը ծիրանագույն շենքն էր: Իսկ ծիրանագույն շենքի տակ խանութներ: Առաջինը անուն չուներ, մենք այն անվանում էինք “Մուրադին մագազինը”: Չնայած, եթե նույնիսկ անուն ունենար, էլի կանվանեինք նույն ձև, ինչպես, օրինակ, մոտակայքում գտնվող “Վիտոյին մագազինը”, որտեղից բոլորս գոնե մեկ անգամ ինչ-որ բան ենք գնել, իսկ ինձ հաջողվել է շրջափակման ժամանակ այնտեղից նույնիսկ ոսպ գտնել:

Հաջորդը՝ հացի փուռն էր, որը բացվել էր 2020 թվականի պատերազմից հետո: Գուցե չհիշեինք այդ հացի փուռի մասին, եթե չլիներ շրջափակումը և մեկ հացի համար ժամերով հերթ չկագնեինք:

Շենքի մոտ նաև կար “թաղի բիսեդկա’’: Այտեղ իրար հերթ տալով, երբեմն նույնիսկ հերթ չտալով հավաքվում էին մեծահասակները և երեխաները:

Ստեփանակերտից անպակաս լինի մեր սիրելի «ռոզվի շենքը»:

Քրիստինա Ալավերդյան

f