
Օգոստոսի 13-ին «Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, տեղի ունեցած քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի արդյունավետությունը չի կարող չափվել միայն բնակարանների թվի կամ տրամադրվող ֆինանսական աջակցության հաշվարկով։
Քննարկմանը մասնակցած արցախցի հասարակական գործիչները, այդ թվում՝ Արցախի նախկին տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը, Լիաննա Պետրոսյանը և այլ բռնի տեղահանվածներ, կարևորեցին նաև սոցիալական բնակարանների վերաբերյալ արցախցիների իրազեկվածության բարձրացումը։ Լիաննա ՝Պետրոսյանը, մասնավորապես, ընդգծեց, որ շատերը դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչ է ենթադրում «սոցիալական բնակարան» հասկացությունը՝ այն երբեմն ընկալելով որպես հանրակացարան։ Մինչդեռ խոսքը առանձին բնակարանների մասին է՝ անհրաժեշտ կենցաղային պայմաններով։
Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարց․ արդյո՞ք առանձին բնակարան ունենալը ինքնին նշանակում է, որ բնակարանային խնդիրը լուծված է։
Պատասխանը հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի դեպքում միանշանակ է՝ ոչ։
Step1.am-ը ներկայացրել էր Իրա Սահակյանի ընտանիքի օրինակը։ Ստեփանակերտից բռնի տեղահանվելուց հետո նա Հայաստանում բնակվում է տարեց մոր հետ։ Երկուսն էլ ունեն հաշմանդամություն և հենաշարժողական լուրջ խնդիրներ։ Ընտանիքը վարձակալում է բնակարան, որի համար ամսական վճարում է 100 հազար դրամ։ Նրանց դեպքում բնակարանի հարցը չի կարող լուծվել միայն սերտիֆիկատով։ Իրա Սահակյանը ընդգծել էր, որ սոցիալական բնակարանը կարող է լինել իրական լուծում, սակայն եթե այն հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Այս օրինակը ցույց է տալիս սոցիալական բնակարանաշինության ամենակարևոր սկզբունքներից մեկը․ բնակարանը պետք է գնահատել ոչ միայն որպես քառակուսի մետրերի կամ պատերի ամբողջություն, այլ որպես մարդու անկախ և արժանապատիվ ապրելու հնարավորություն։
Հաշմանդամություն ունեցող անձի համար նույն բնակարանը, որը մյուս ընտանիքի համար լիովին հարմար է, կարող է գործնականում անհասանելի լինել։ Եթե շենքում չկա վերելակ, մուտքը ունի աստիճաններ, դռները չափազանց նեղ են, սանհանգույցը հարմարեցված չէ, իսկ բնակարանը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ անհասանելի են հասարակական տրանսպորտը, բուժհաստատությունները կամ սոցիալական ծառայությունները, ապա այդ բնակարանը չի կարող համարվել լիարժեք սոցիալական լուծում։
Սա նշանակում է, որ սոցիալական բնակարանների կառուցման կամ բնակարանային ֆոնդի ձևավորման փուլում արդեն պետք է նախատեսել տարբեր տիպի բնակարաններ՝ տարբեր կարիքներ ունեցող ընտանիքների համար։
Այս առումով սոցիալական բնակարանների ծրագիրը կարող է դառնալ ոչ թե պարզապես բնակարանային աջակցություն, այլ Արցախից բռնի տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրման կարևոր գործիք։
Արսեն Աղաջանյան