Բլոկադային Կակտուսը դարձել է Ստեփանակերտից ամենաթանկ հիշողությունը

  • 21:12 02.07.2024

Խաչատրյանների տուն եկողը խնդրում է 8-ամյա Վլադին ցույց տալ տան ծաղիկները, հատկապես՝ Կակտուսը։ Պատուհանագոգին, բոլոր ծաղիկների մեջ, այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։

Հյուրերը դիպչում են ծաղկի փշերին։ Հատկապես սենտիմենտալները արցունք են թափում։ Եվ այն պատճառով, որ տղան Արցախից է Կակտուսը բերել։ Եւ ծաղկամանի հողը Արցախից է։

Վլադի ընտանիքը` մայրիկն ու հայրիկը, երկու քույրերը և նա են: Մինչ 2020 թվականի պատերազմը նրանք ապրում էին Թագավարդ գյուղում։ Մեծ հարուստ տուն ունեին։ Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Թագավարդի բնակիչները ստիպված են եղել տարհանվել ադրբեջանական կողմից հրթիռակոծման հետևանքով։ Արդյունքում գյուղը գրավվել է թշնամու կողմից, և ընտանիքն անդառնալիորեն կորցրել է ողջ ունեցվածքը, ընտանեկան ժառանգությունն ու փաստաթղթերը։

Չնայած Վլադն այն ժամանակ ընդամենը 4 տարեկան էր, նա լավ է հիշում իր բոլոր խաղալիքները, գրքերը, «շարժական ունեցվածքը» և ընկերներին՝ հարևաններին, բանջարանոցն ու տան դիմացի այգին։

44-օրյա պատերազմի ավարտից հետո ընտանիքը հաստատվել է Ստեփանակերտում։ Հենց ադ ժամանակ ես հանդիպեցի Վլադին։ Նա աշխույժ է ու չարաճճի է, սրամիտ կատակներով տանջում է քույրերին։ Լսում է միայն հորը։

Հետո ինձ ցույց տվեցին այն ծաղիկը, որը խնամում է տղան։

Վլադը Կակտուսը տնկել է Արցախի շրջափակման ժամանակ, Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ տարել է հետը ապաստարան։ Երբ պարզ դարձավ, որ արտաքսում է, ընտանիքը սկսեց հավաքել առաջին անհրաժեշտության իրերը, և Վլադը վերցրեց Կակտուսը։ Բերե Հայաստան։ Ընտանիքը թափառում էր բնակարանից բնակարան, մինչև որ հաստատվեց Այնթապում։ Կակտուսը հանդիսավոր կերպով դրվել է պատուհանագոգին։

Որոշ ժամանակ անց ծաղկի մասին իմացել են հարազատները։ Նրանք գալիս են տեսնելու Կակտուսը։ Ոմանք կպնում են ծաղկամանի հողին, չէ՞ որ դա Ստեփանակերտի հողն է։ Հարազատներից մեկն ամեն անգամ հպարտությամբ շեշտում է, որ Վլադը հողը վերցրել է Ստեփանակերտի իրենց տան բակից։ «Ստեփանակերտի մեր տան ամենաթանկն ու արժեքավորը Վլադին է պատկանում։ Հարևաններս դեռ չգիտեն, որ Վլադը մեր փողոցից այդքան թանկարժեք բան ունի»,- ասում է կինը։

Առավել նախաձեռնողներն առաջարկում են ծաղկամանի հողը փոխանակել ավելի պրակտիկ մի բանի հետ։ Տղան պարզապես քմծիծաղով է նայում նրանց՝ առանց մտքերը բարձրաձայնելու։

Ալվարդ Գրիգորյան

f