Ալիեւը յուրացնում է հայկական ժառանգությունը եւ շինությունները Ստեփանակերտում

  • 16:53 05.07.2024

Ազատություն

Հայերի բռնի տեղահանման պահից Արցախում ադրբեջանական բուլդոզերների ակտիվ գործունեությունից հետո Ստեփանակերտ է այցելում Իլհամ Ալիևը՝ հողին հավասարեցված հայկական ժառանգության տեղում Ադրբեջանի ներկայության հերթական հիմքերը դնելու։

Իլհամ Ալիևի մասնակցությամբ ադրբեջանական անվան ներքո այսօր շահագործման հանձնվեց Ստեփանակերտի վերածննդի հրապարակի հարևանությամբ գտնվող «Վալեքս» գարդեն երբեմնի շքեղ հյուրանոցը՝ կառուցված 2000-ականներին։

Դատելով Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներից՝ նոր սեփականատերերն այստեղ շատ բան չեն փոխել։

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գտնվող «Արցախբանկի» շենքը ևս ադրբեջանական հյուրանոցի է վերածվել, Ալիևն այսօր այստեղ էլ էր լուսանկարվում։

Մի քանի քայլ հեռու՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ շրջափակման ծանր պայմաններում գտնվող հազարավոր արցախցիներ հուսահատ օգնություն էին հայցում աշխարհից, այժմ Բաքուն հատուկ միջազգային նշանակության միջոցառումների համար «կոնգրես կենտրոն» է կառուցում։

Վերածննդի հրապարակից բացի Ադրբեջանի իշխանությունները վերացրել են նաև այլ հատվածներում հայերի հետ կապ ունեցող կառույցներ։ Թեև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել է պահպանել հայերի վերադարձի իրավունքը, շատերը հնարավոր վերադարձի դեպքում կարող են չճանաչել այն վայրերը, որտեղից տեղահանվել էին ամիսներ առաջ։

Ադրբեջանական աղբյուրների հրապարակած, ինչպես նաև արբանյակային լուսանկարների համաձայն, Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել, այդ թվում՝ ավտոկայանը։ Այս հատվածը հարում է Արցախի պետհամալսարանի տարածքին։

Ալիևն այսօր այստեղ ծանոթանում էր ադրբեջանական բուհ դարձած շենքում իրականացված շինաշխատանքներին։ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է մինչև սեպտեմբեր 1200 ուսանող գտնել՝ այստեղ սովորելու համար։

Արցախի պետական համալսարանն Ադրբեջանի առաջատար բուհ դարձնելու համար Բաքուն շուրջ 6 միլիոն դոլար է ծախսել՝ գայթակղիչ պայմաններ առաջարկելով ադրբեջանցի շրջանավարտներին ուրվականնների քաղաք հիշեցնող Ստեփանակերտում կրթություն ստանալու համար։

Ալիեևի այս շրջագայության բուն առիթը Շուշիում մեկնարկող Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովն է։

Կառույցին անդամակցող և դիտորդ երկրների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հունգարիայի առաջնորդները, բացի Թուրքիայի նախագահից, վաղը կհավաքվեն Շուշիում։

Ալիեւը ի ցույց կդնի թյուրքական մշակույթի ամբողջ հմայքը՝ զավթում, հայաթափում, ուրիշի ժառանգության յուրացում։  

f