
Վարդավառն Արցախում շատերիս համար ասոցացվում էր Տիգրանակերտի հետ, քանի որ պետական մակարդակով այն առաջին անգամ նշվեց Տիգրանակերտում և առաջին իսկ անգամից սիրվեց։ Այդ օրը բոլորը շտապում էին դեպի Տիգրանակերտ, մեծ ու փոքր, տեղացիներ, թե հյուրեր։ Այն սիրելի տոն էր դարձել նաև օտարների համար, ովքեր առաջին անգամ մասնակից դառնալով, վերադարձան երկրորդ, ոմանք նույնիսկ երրորդ անգամ։ Իսկ գրկաբաց ու տաք Տիգրանակերտում ամեն ինչ կար տոնական օրը լավագույնս վայելելու համար։ Ու չնայած Վարդավառը նշվում էր Արցախի բոլոր շրջաններում, բայց կենտրոնական վայրը դարձել էր Տիգրանակերտը։ Վստահ եմ, այն այսօր շատ արցախցիների համար ամենաքաղցր հուշերից է։
2020 թվականի ողբերգությունից հետո, Տիգրանակերտը հլու-հնազանդ հանձնվեց թշնամուն ու Վարդավառի ավանդույթը տեղափոխվեց Աղավնո, սակայն նպատակն այլևս ուրախ տոն ունենալը չէր, այլ փորձ էր հայության ուշադրությունը հրավիրել այդ ճակատագրական կետի վրա, որը Արցախի շնչուղին էր։ Բայց ավաղ, ինչպես միշտ, մենք չտարբերեցինք կարևորն անկարևորից ու դա ընկալվեց սոսկ որպես ուրախ տոն։ Ոմանց եռանդուն ջանքերով փակվեց Արցախի շնչուղին, արդյունքը տեսնում ենք։ Իսկ վարդավառից կրկին մնացին լուսանկարներ ու հուշեր։
Շնորհավոր բոլորի սիրո տոնը, թող սերը իշխի հայոց աշխարհում, զուգահեռ նաև Վահագնի ուժը։
Մինչ նոր Վարդավառ Տիգրանակերտում։
Արմինե Հայրապետյան
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի