Արցախի ՄԻՊ գրասենյակի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որից 21-ը քաղաքացիական անձ, 6-ը՝ երեխա, ևս 21-ը համարվում է անհետ կորած։ Բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 238 մարդ է մահացել, 20 մարդու ճակատագիրն անհատ է։
2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3822 է, իսկ 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ անհայտ կորել է։
«Ղարաբաղյան պատերազմներում անհայտ կորածների հարազատների միություն» հասարակական կազմակերպության տվյալներով՝ 90-ականների առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորել է Արցախի 710 քաղաքացի, այդ թվում՝ 239 զինվորական և հինգ կին։
1992 թվականից հունիսի 29-ին Արցախում նշվում է Անհայտ կորածների օրը։ Ստեփանակերտի հուշահամալիրի Խաչքարի մոտ տեղի էր ունենում հիշատակի արարողություն։ Պաշտոնյաներն ասումէին, որ անհետ կորածների ճակատագիրը պարզելու փորձերը շարունակվում են, իսկ հարազատները խոսում էին իրենց սիրելիների վերադարձի հույսի մասին։
Այս ամենը տեղի չի ունենում 2024 թվականին։
«Ղարաբաղյան պատերազմներում անհայտ կորածների հարազատների միության» նախագահ Վերա Գրիգորյանն ասաց. «Այս տարի մեծ ցավով եմ ապրել Արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը։ Ոչ միայն անհայտ է մնում իմ միակ որդու ճակատագիրը, այլ նաև զրկվել եմ իմ հայրենիքից, ինչպես բոլորս։ Հուսով եմ, որ աշխարհով մեկ սփռված հայերը՝ մայրեր ու երեխաներ, ինչ-որ կերպ կիմանան մեր անհայտ կորած հարազատների ճակատագրի մասին։ Հունիսի 29-ը հույսի փարոս ու գործի կոչ էր:
Հարցումների միջոցով, նյութեր հավաքելով կամ սոցցանցեր դիտելով՝ մենք պարզել ենք, որ Ադրբեջանում գերության մեջ ավելի շատ հայեր կան, քան ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում, այդ թվում՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների մասին է խոսքը։ Ցավոք, Ադրբեջանը, ինչպես անցյալ տասնամյակներում, այնպես էլ այսօր, քաղաքական սակարկությունների մեջ օգտագործում է պատանդների, գերիների և անհայտ կորածների վերադարձի հարցը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: