ՀԲԸՄ Հայաստան բարեգործական կազմակերպությունը շարունակում է ֆինանսավորել Արցախի պետական կամերային նվագախումբը։
ՀԲԸՄ ծրագրի ղեկավար Սասուն Բաղդասարյանը նշեց, որ կազմակերպությունը ֆինանսավորում է Կամերային նվագախումբը ստեղծման օրվանից: «Արցախի բնիկ բնակչության տեղահանությունից հետո կազմակերպությունը որոշել է շարունակել ծրագրերը և սկսել նորերը։ Նկատի ունենալով Կամերային նվագախմբի հաջողությունները թե՛ Արցախում, թե՛ միջազգային բեմերում՝ ՀԲԸՄ-ն որոշել է մինչև այս տարվա վերջ շարունակել 17 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ֆինանսավորումը։ Կան նախադրյալներ, որ ֆինանսավորումը կշարունակվի 2025թ.։ Օրերս կայացած համերգով Արցախի պետական կամերային նվագախումբը հայտարարեց ստեղծագործական գործունեության վերսկսման մասին»։
Հասարակական գործիչ Արտակ Բեգլարյանը Կամերային նվագախմբի գործունեության սկիզբը կապեց «Արցախը և նրա արժեքները պահպանելու» և «Արցախ վերադառնալու մեր նպատակի հետ»։
Արցախի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է 2004 թվականին Լեռնային Ղարաբաղի կառավարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Մինչև 2023 թվականը Պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը մաեստրո Գևորգ Մուրադյանն էր՝ Երևանի կոնսերվատորիայի և Վիեննայի երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, 1983 թվականի դիրիժորների համամիութենական V մրցույթի հաղթող։
Այժմ նվագախումբը ղեկավարում է Մոսկվայի և Լոնդոնի կոնսերվատորիաների շրջանավարտ Նարեկ Հախնազարյանը։
Հուլիսի 5-ին Երեւանում կայացավ նվագախմբի առաջին պաշտոնական համերգը Արցախի բռնագաղթից հետո։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: