Արցախցիների վերադարձի համար պայմաններ պետք է փոխվեն․ USAID ղեկավարը գիտի պատասխանը

  • 18:01 10.07.2024

Կոչ ենք անում ապահովել այդ մարդկանց և ընտանիքների իրավունքները (Լեռնային Ղարաբաղից – խմբ.), որպեսզի նրանք կարողանան ապահով վերադառնալ իրենց տները։ Այս մասին հուլիսի 10-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։

Նրա խոսքով, շատ ընտանիքներ ցանկանում են այցելել եկեղեցիներ, տաճարներ, հարազատների շիրիմներ, սակայն մինչ այժմ այդ վերադարձը չի եղել։ Նա վստահեցրեց, որ գործակալությունը կշարունակի կոչ անել և աշխատել այս ուղղությամբ։

Փաուերը բացատրեց, որ վերադարձի համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, որոնցից հիմնականը հանգամանքների փոփոխությունն է։ «Ես սահմանին էի 2023 թվականի սեպտեմբերին, և դեռ հիշում եմ Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախած ընտանիքների պատմությունները, նրանց ապրած վախը։ Նրանք մի քանի ամիս չէին կարողանում սնունդ և դեղորայք ստանալ, մինչև Ադրբեջանը գրավեց այս համայնքները։ Այն մարդիկ, որոնց ես հանդիպել եմ, կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ հապճեպ արտագաղթի ժամանակ (Լեռնային Ղարաբաղից – խմբ.)»,- նշել է գործակալության ղեկավարը։

«Հունիս ամսվա տվյալները ցույց են տալիս, որ զբաղվածության թվերն աճել են, սակայն մարդկանց այս խմբի տառապանքը շարունակում է չափազանց մեծ լինել, քանի որ նրանք այնտեղ այդքան շատ բան են թողել: Մենք աջակցում ենք բնակչության այս խմբին, աջակցություն ենք ցուցաբերում մանկապարտեզներին և դպրոցներին, որոնք ընդունել են ծանր վնասվածքներ ստացած երեխաներին»,- եզրափակեց գործակալության ղեկավարը։

f