Նրա, կամ նրանց մասին տանը աշխատում ենք չխոսել, ու երբ հանկարծ մեկը կարոտից խեղդված ձայնով անունը տալիս է, մյուսներս անմիջապես աչքերով սաստում ենք, նախ որովհետև դժվար է առանց հուզվելու խոսել, հիշել, իսկ որ ամենակարևորն է, նույիսկ տանը մենք մեր հետ ամաչում ենք խոսել այնտեղ, տանը մնացած շան մասին, քանի դեռ անհայտ մարդկային ճակատագրեր կան։
Բայց այսօր ֆեյսբուքը հերթական հիշողությունը բերեց, ու ես որոշեցի կիսվել մեր չափազանց խելոք ու հավատարիմ շան մասին հիշողություններով։ Բելգիական հովվաշուն էր, սև սաթ մազերով։ Շատ փոքր էր երբ եղբայրս բերեց, մեր տան պուճուրների հետ մեծացավ, դարձավ տան անդամներից մեկը։ Ինքն էլ իրեն շատ պատասխաատու էր զգում տան յուրաքանչյուր անդամի համար, բայց եթե ընտրության հարց է լինում, նախ մենակ չէր թողնում տատիկին ու երեխաներին։
Հատ-հատ ճանաչում էր նաև անասուններին ու երբեք թույլ չէր տալիս անծանոթ անասուն բակ մտներ։ Խանդ ու քեն երկար չէր քշում, երբ ուրիշ շուն էինք տուն բերում, կամ սաստում էինք։ Մի քանի ժամ կխռովի, հետո կհաշտվի։
2020 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ ռազմական գործողությունները մոտ էին գյուղին ու արդեն ռմբակոծվում էր նաև գյուղը, որոշեցինք երեխաներին հանել Արցախից ու ճանապարհվեցինք Երևան։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ռումբերի տակով մի կերպ դուրս եկանք, շունը մնաց։ Երբ պատերազմն «ավարտվեց» ու եղբայրս դիրքերից իջավ գյուղ, տեսավ՝ շունը չկա։ Իսկ երբ գյուղացիներից հարցուփորձ արեց, պարզվեց, որ շունը մինչև վերջին օրերը գյուղում էր ու նույնիսկ ամեն առավոտ մեր անասուններին հովվի նման առավոտյան տանում էր արածացնելու ու երեկոյան բերում տուն։
Պարզվեց, ինչ որ մեկին շունը դուր էր եկել, և նա տարել էր։ Բարեբախտաբար փնտրտուքները լավ ավարտ ունեցան, եղբայրս գտավ շունն ու տուն բերեց։ Հանդիպման պահին ուրախացած շունը փաթաթվել էր եղբորս, կարոտած ու վախեցած երեխայի նման, սակայն երբ հասան տուն, շունը մի քանի ամիս չշփվեց տան անդամների հետ, ավելի ճիշտ՝ շփվեց միայն տատիկի ու երեխաների հետ։ Նա վիրավորված ու խռոված էր, որ իրեն թողել էինք․․․
Հետո ամեն ինչ դարձավ առաջվանը, մեր բակում մեկ այլ հովվաշուն էլ հայտնվեց, որը սակայն ազատ չէր իր պես։ Սկզբից խանդեց, բայց հետո նրա մոտ հայտնբերեցինք մեկ այլ որակ, հոգատարություն կապած շան հանդեպ․․․ ուտելիքը միշտ կիսում էր։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ժամ առ ժամ իրավիճակը վատթարանում էր։ Տեսնելով, որ երկար չեն կարողանալու դիմադրեն, եղբայրս դիրքերից իջավ տուն, որ գյուղի բնակիչների հետ մորս ուղարկի Ստեփանակերտ, այլապես ամեն ինչ կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Ամեն ինչ այնքան տարերայնորեն էր, որ նույնիսկ մտքներով չանցավ կապած շանը բաց թողնել։ Իսկ մյուսն իր հետ գնաց դիրքեր։
Երբ գյուղի դիրքապահ տղաներից մեկը վիրավորվեց, եղբայրս նրան հանեց ու բերեց գյուղ, շունը հետն էր, հետո ճանապարհից եղբայրս հետ վերադարձավ, իսկ շունը մնաց վիրավոր տղայի հետ, ով ստիպված էր ընտանիքի հետ ոտքով դուրս գալ գյուղից։ Նա պատմում է, որ շունն իրենց ուղեկցել է մինչև Քռասնի գյուղ, շուրջ 12 կիլոմետր, որից հետո ոչ ոք չի տեսել նրան։
Ռազմական գործողությունները կանգնեցվելուց հետո լուրեր տարածվեցին, որ հնարավոր է լինելու մարդիկ գնան իրենց տները։ Բոլորիս մտքին շներն էին։ Բայց այդ լուրերը այդպես էլ մնացին օդում կախված։
Առաջին ամսիներին նրա և մյուս շան փրկվելու վերաբերյալ իրավիճակներ էինք հորինում։ Մտածում էինք, որ մյուս շան համար ուտելիք կգտներ կտաներ, կամ միասին մի բան կանեին ու կապը կկտրեին։ Ու միշտ բոլորս մեզ մեղավոր ենք զգում, որ դավաճանել ենք մեր հավատարիմներին՝ Բաքսին ու Լեդիին։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: