Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցում։ Այս մասին հուլիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Պաշտոն նշանակելիս հաշվի են առնվելու ինչպես Լեռնային Ղարաբաղում աշխատանքային ստաժը, այնպես էլ զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև կոչումները։ Օրենքը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և լիազոր մարմնում մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը պաշտոնավարած անձանց վրա։ Այսինքն՝ ներդրված հավելումը լինելու է ժամանակավոր՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն կդադարի գործել։
«Սակայն այդ հնարավորությունից կկարողանան օգտվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած անձինք»,- նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Սահմանապահ զորքերը ԱԱԾ կառուցվածքի մեջ են մտնում։ Իսկ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ այսուհետ սահմաններին, այդ թվում “ադրբեջանի հետ”, կանգնելու են ոչ թե բանակի զինվորները, այլ սահմանապահները։ Նույնիսկ ընդունելիություն է հայտարարվել սահմանապահ զորքեր, սակայն, ըստ երեւույթին, ցանկացողները շատ չեն։ Կամ ցանկացողները չեն համապատասխանում ԱԱԾ չափանիշներին։ ԱԱԾ-ը հո ամեն մարդու բան չէ։
Բայց պարզվում է, կասկածներ կան եւ արցախցիների վերաբերյալ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության “էլիտար” պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կասկած է հայտնել օրինագծի շահառուների մասնագիտական համապատասխանության վերաբերյալ։ Պատգամավորի խոսքով, Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ նախկին աշխատակիցները «հին մտածողության կրողներ են», որը երկիրը հասցրել է ներկայիս անբարենպաստ իրավիճակի։
“Էլիտաների” հետ պայքարն անզիջում տանող Փաշինյանը հատուկ քնքշանքով է վերաբերվում Սիլաչիի Սուքիասյաններին․ կամ “էլիտար” չի համարում, կամ նրանց միջոցով սեփական “էլիտան” է փորձում ձեւավորել, որը կառուցվում է “հակաղարաբաղիզմի” վրա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: