Жим лежа-ն բոլորին չէ տրված․ պատմում է Գարիկ Ղահիրյանը

  • 21:40 13.07.2024

Գարիկ Ղահիրյանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում։ Աշխատել է The HALO Trust-ում: 2018 թվականին հերթական ականազերծման ժամանակ տեղի ունեցավ պայթյուն, որն արմատապես փոխեց նրա կյանքը։ Նրա երկու ոտքն էլ անդամահատվել են, ինչին հաջորդեց երկարատև բուժում։

«Սկզբում շատ դժվար էր, ես չէի կարողանում լիովին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և ստիպել ինքս ինձ շարունակել կյանքս, և ես հավանաբար հաջողության չէի հասնի առանց ընտանիքիս և ընկերներիս: Ընտանիքիս շնորհիվ ես ուժ գտա՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, անկախ ամեն ինչից, վերադառնալու լիարժեք կյանքի»։

Գարիկը հպարտորեն պատմում է իր ձեռքբերումների մասին, այդ թվում՝ սպորտի բնագավառում՝ նա բազմիցս մասնակցել է հենարանից սեղմումի (жим лежа) մրցումների՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում.

«Հենարանից սեղմումը ուժային վարժություն է: Գալով փաուերլիֆթինգից՝ սեղմումը հանրաճանաչություն և սեր է ձեռք բերել մարզադահլիճների այցելուների շրջանում ամբողջ աշխարհում: Վարժությունը ստանդարտ է, և, հետևաբար, դրա կատարման տեխնիկան պարզ է թվում՝ պառկել նստարանի վրա, հանել ծանրաձողը և սկսել վարժվել: Իհարկե, դա այնքան էլ պարզ չէ: Տեխնիկապես վարժությունը բավականին բարդ է, և չմարզված մարզիկը դժվար թե կարողանա լուրջ կշիռներ սեղմել՝ առանց ճիշտ տեխնիկայի տիրապետման»։

Գարիկը հենարանից սեղմումով սկսել է զբաղվել 2018 թվականից առաջ։ Կատարվածից հետո իր հսկայական կամքի ուժի շնորհիվ նա չհրաժարվեց սպորտից և ակտիվորեն առաջ է շարժվում դեպի նորանոր բարձունքներ։ «Ես, ինչպես ցանկացած մարզիկ, երազում եմ մասնակցել Պարալիմպիկ խաղերին՝ Արցախի դրոշի ներքո»։

Գարիկը, ինչպես բոլոր արցախցիները, վերապրել է 4 պատերազմ և շրջափակում։ Այժմ նա ընտանիքով ապրում է Երեւանում։ Ստիպված աշխատում է որպես տաքսու վարորդ․ ինչպես շատ արցախցիների, նրա թոշակն էլ են  կրճատել։ «Դժվարությունները չպետք է կոտրեն մեզ, որքան շուտ մեր ժողովուրդը համախմբվի ու հզորանա, այնքան շուտ կարող ենք վերադառնալ մեր դարավոր հայրենիք»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Գարիկը։

Արսեն Աղաջանյան

f