Ազատություն
Այսօր կրակոցներ են հնչել Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ. առնվազն երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործը, կան վիրավորներ։ «Դոնալդ Թրամփի հետ ամեն ինչ կարգին է, նրան վտանգ չի սպառնում»,-փոխանցել են նախագահի հանրապետական թեկնածուի շտաբից։
Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգում, որը հստակ կուսակցական կողմնորոշում չունի, և կարող է կարևոր դեր ունենալ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Ուղիղ հեռարձակված կադրերում երևում է, որ Թրամփի՝ ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ ելույթի ժամանակ հնչում է մի քանի կրակոց, սկսվում է խուճապ։ Վայրկյաններ անց թիկնապահները տարհանում են նախագահի 78-ամյա թեկնածուին, որի աջ ականջին ու այտին այդ պահին արյան հետքեր էին երևում։ Բեմից իջնելուց առաջ Թրամփը բռունցքը ճոճում է օդում և փորձում ինչ-որ բան ասել։
Ավելի ուշ նա հիվանդանոցից շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայության աշխատակիցներին, ցավակցել զոհվածի ու վիրավորների հարազատներին։ «Անպատկերացնելի է, որ նման բան կարող է տեղի ունենալ մեր երկրում»,-գրել է նա սոցիալական ցանցերում։
Տեղի ունեցածը խստորեն դատապարտել է նաև նախագահ Ջո Բայդենը։
« Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա, մենք նման բան չենք կարող թույլ տալ», -հայտարարել է նա՝ տեսուղերձով դիմելով ժողովրդին։ Նախագահի դեմոկրատ թեկնածուն նշել է, որ փորձել է կապ հաստատել իր մրցակից Թրամփի հետ, ինչն առայժմ չի հաջողվել։ «Ես աղոթում եմ նրա, նրա ընտանիքի և հանրահավաքի մասնակիցների համար»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Ոստիկանությունն առայժմ զոհվածների կամ ենթադրյալ հանցագործի անունը չի հրապարակել, մանրամասներ չի հայտնել։
Արյունալի դեպքը տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող համագումարից օրեր առաջ, որտեղ, ակնկալվում է, որ Թրամփը կհաստատվի որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։