Քանի ընտանիք չի ստացել սերտիֆիկատները

  • 17:12 18.07.2024

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրից։ Այս մասին step1.am-ին ասաց Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը։

«Բռնի տեղահանվելուց հետո պարզվել է, որ մոտ 370 եւ ավելի արցախցիներ այդ ծրագրի շահառու են եղել, բայց չեն իմացել այդ մասին։ Եվ հիմա չկա բացված պատուհան, որպեսզի մարդիկ առցանց դիմում լրացնեն։ Ծրագրից դուրս մնալու պատճառն այն է, որ մարդիկ տեղեկացված չեն եղել, որ իրենք շահառուներ են, օնլյան դիմումը չեն լրացրել, դիմումների լրացման ժամկետն անցնել է։ Հիմա իրենք զրկվել են նաեւ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից՝ որպես բնակապահովման սերտիֆիկատի ծրագրի շահառուներ»,- ասաց Չոմոյանը։ Նա նշեց, որ այս ընտանիքների համար նաեւ չկա հնարավորություն, որպեսզի կարողանան օգտվել ՀՀ կառավարության բնակապահովման նոր ծրագրից։ Արմեն Չոմոյանն ասաց, որ եթե կառավարությունը չփորձի ընդառաջել այս ընտանիքներին, ստացվում է՝ մարդիկ կմնան անօթեւան։

Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2020 2թ․ վերաբնակիչների համար նախատեսված բնակապահովման սերտիֆիկատի ծրագրով Երեւանում բնակարան ձեռք բերելու համար մեկ ընտանիքին առաջարկվում է 8 մլն, մարզերում՝ 10 մլն դրամ։ Այս ծրագիրը, նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, ուներ բաղադրիչ, որ Արցախ վերադառնալու դեպքում հատկացնում էին 12 մլն դրամ արժեքով վկայական։ Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը Քաշաթաղի շրջանից են, կան նաեւ ընտանիքներ Շուշիից ու Քարվաճառից։

Բնակարանների գնման վկայագրերի ժամկետը լրանում էր այս տարվա հուլիսի 1-ին, բայց Չոմոյանն ասաց, որ ժամկետը երկարաձգվել է մինչեւ տարվա վերջ։ Վերջին տվյալներով՝ ավելի քան 1000 ընտանիքներ չէին հասցրել օգտվել այս ծրագրից,  պատճառն այն է, որ շատերը այդ գումարի շրջանակներում չեն կարողանում բնակարան գտնել։

Ռոզա Հովհաննիսյան

 

f